.
Ապրիլը՝ Հարության ավետման ամիս ՀԱԵ-ում

2026 թ. ապրիլը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ) վերածվեց Հարության ավետման կենդանի շրջանի՝ միավորելով 22 տեղական եկեղեցիներին տարբեր նախաձեռնությունների շուրջ։ Միջոցառումների առանցքում ոչ միայն տոնական շունչն էր, այլև մնայուն արժեքների փոխանցումը՝ ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին՝ նրանց հասանելի և ազդեցիկ ձևաչափերով։

ՀԱԵ 18 եկեղեցիներում մանուկների և պատանիների համար բեմադրվեց Զոհրաբ Բեկյանի «Ծերուկ աքաղաղը» պիեսը։ Ներկայացման միջոցով երեխաները ոչ միայն վայելեցին հետաքրքիր և ուսուցողական բեմադրություն, այլև յուրացրին կարևոր մի դաս՝ միմյանց լսելու, սիրելու և ներելու անհրաժեշտությունը։ Հերոսների պատմությունը պարզ ու հասկանալի կերպով ցույց տվեց, թե որքան կարևոր է ընդունել սեփական սխալները և ձգտել հաշտության։

Մանկական միջոցառումներն այսքանով չսահմանափակվեցին։ ՀԱԵ Ալավերդու համայնքում երեխաները դիտեցին «Որտե՞ղ փնտրեմ քեզ» ներկայացումը՝ անդրադառնալով Հարության պատմությանը, իսկ ՀԱԵ Վարդենիսում կազմակերպվել էր Սուրբ Հարությանը նվիրված հատուկ միջոցառում, որը ևս ուղղված էր երեխաների հոգևոր դաստիարակությանը և Ավետարանի ճշմարտությունների մատչելի փոխանցմանը։

Գյումրիում՝ ՀԱԵ մանուկներից ու պատանիներից կազմված թատերական խումբը հանդիսատեսին ներկայացավ Հիսուսի երեք առակների համադրությամբ ստեղծված բեմադրությամբ՝ բացահայտելով Աստծո Արքայության կարևոր սկզբունքներն ու Հարության լույսի ներքո վերափոխվելու անհրաժեշտությունը։

Տարբեր եկեղեցիներում ներկայացումներ կազմակերպվեցին նաև մեծահասակների համար՝ յուրահատուկ ձևաչափերով և թեմատիկ շեշտադրումներով։ ՀԱԵ ՀԱԹ համայնքում ներկայացումը բեմադրվեց մյուզիքլի ձևաչափով՝ համադրելով երաժշտությունը, շարժումը և խոր բովանդակությունը։ «Հույսի Տուն» եկեղեցին ներկայացրեց «Հարության հրաշքը» բեմադրությունը, իսկ ՀԱԵ Ստեփանավանում հանդիսատեսը դիտեց «Դատավորը» ներկայացումը: Բոլոր այս ներկայացումները յուրահատուկ անդրադարձ էին հավատքի, ապաշխարության, ներքին փոփոխության և փրկության թեմաներին։

Այսպիսով, հարության տոնակատարությունները ՀԱԵ-ում դարձան հավատքի նորոգման ևս մեկ հանգրվան՝ հիշեցնելով Աստծո փրկարար սիրո ու դրանով վերափոխված կյանքի կարևոր արժեքների մասին։

 

Նախորդ
...
X