.
«Լուիջիի սիրտը»՝ «Հայասա» թատերախմբի մեկնաբանությամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) «Հայասա» թատերախումբը, Նունե Աբրահամյանի ղեկավարությամբ, ապրիլի 21-ին և 22-ին շուրջ 600 հանդիսատեսի ներկայացրեց սլովակ դրամատուրգ Իվան Բուկովչանի «Լուիջիի սիրտը» պիեսի ինքնատիպ բեմականացումը՝ առաջարկելով ոչ միայն գեղարվեստական բարձրարվեստ փորձառություն, այլև խոր հոգևոր խորհրդածության հնարավորություն։

Պրոֆեսիոնալ դերասանական կազմը համոզիչ խաղով գրեթե երկու ժամ հանդիսատեսին պահեց դրամայի ու սատիրայի նուրբ սահմանագծում՝ լիաթոք ծիծաղից մինչև խոր վշտակցում, որն ուղեկցվում էր արցունքներով։

Ներկայացումը պատմում էր մահապատժի դատապարտված Լուիջիի մասին, ում սիրտը՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով, դառնում է շրջապատի մարդկանց շահարկման առարկա։ Մահից փրկվելու համար, փաստաբանի առաջարկով, Լուիջին իր վրա է սևեռում աշխարհի ուշադրությունը՝ խոստանալով սիրտը կտակել բժշկական մի հաստատության։ Ցնցող լուրից հետո նա իսկապես դառնում է հայտնի․ շատերը նրա մոտ են գալիս փրկության ակնկալիքով ու համոզում, որ սիրտն իրենց կտակի։ Այդ ընթացքում Լուիջին աստիճանաբար դադարում է լինել գործող սուբյեկտ և դառնում է «օբյեկտ», որի շուրջ բացահայտվում են մարդկային իրական դեմքերը, թուլություններն ու մեղքերը։

Լուիջիի կերպարը, որին մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ Հովակ Գալոյանը, ներկայացման առանցքն էր՝ իր ներքին պայքարով ու հուզական լարվածությամբ։ Հատկապես հուզիչ էր նրա ապաշխարության դրվագը, երբ հիասթափված մարդկային անբարո և եսակենտրոն էությունից՝ նա ծնկի է գալիս Աստծո առջև ու ասում. «Մարդն ի զորու չէ ինքն իրեն փրկել, դա մարդկային ուժերից վեր է... Ների՛ր ինձ, Տե՛ր... Ի՞նչ օգուտ, եթե մարդն աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Ղուկաս 9․25)։ Այս խոսքերը կարծես ինքնաքննության կոչ լինեին՝ հիշեցնելով, որ մարդուց ակնկալվող «փրկությունը» պատրանք է․ իրական փրկությունը միայն Աստծուց է, իսկ «սիրտը»՝ որպես խղճի և հավատքի խորհրդանիշ, չի պատկանում մարդուն, այլ տրված է որպես պատասխանատվություն։

Ներկայացման կուլմինացիան վերջին դրվագն էր։ Լուիջին դառնում է մարդկային ագահության զոհ և սպանվում իրենից փրկություն ակնկալողների ձեռքով։ Մահվան պահին նա հանդիպում է իր մանկության կերպարին ու դիմում է նրան Քրիստոսի խոսքերով. «Ով իր անձը փրկել ուզենա, կկորցնի այն, իսկ ով կորցնի այն Ինձ համար՝ կփրկվի» (Ղուկաս 9․24)։ Ներկայացումն ավարտվում է Լուիջիի՝ ինքն իրեն և, կարծես, նաև հանդիսատեսին ուղղված խնդրանք-հորդորով՝ ընտրել կյանքը և ոչ թե մահը։

Ներկայացման հաջողության կարևոր բաղադրիչներից էր դերասանական կազմի վարպետ խաղը։ Բեմում հանդես էին գալիս նաև Անահիտ Կիրակոսյանը, Սմբատ Ստեփանյանը, Արա Գևորգյանը, Մարո Ուզունյանը ու այլ տաղանդավոր դերասաններ, ովքեր իրենց կերպարներով կենդանացրին պիեսի բազմաշերտ աշխարհը։ Նրանց խաղն առանձնացավ կերպարների ներքին հակասությունների նուրբ փոխանցմամբ և բեմական ամբողջականությամբ։

«Հայասա» թատերախմբի այս բեմադրությունը հաջողությամբ միավորեց դասական եվրոպական դրամատուրգիան և քրիստոնեական աշխարհընկալումը՝ ստեղծելով մի ներկայացում, որը ոչ միայն դարձավ հայելի՝ անդրադառնալով հասարակական խնդիրներին, այլև հիշեցրեց հավիտենական արժեքների մասին։

Նախորդ
...
X