Ինչպե՞ս գտնել բավարարվածություն մի աշխարհում, որտեղ համեմատությունը, նյութապաշտությունն ու անընդհատ ավելիին ձգտելը դարձել են սովորական երևույթներ։ Աստծո Խոսքն է տալիս այս հարցերի պատասխանները, և հենց այս թեման է առաջիկայում լինելու ՀԱԵ կանանց սերտողության առանցքում։
Ամերիկացի գրող Մելիսա Քրուգերի «Եվայի նախանձը» գիրքը, ՀԱԵ կանանց աշխատանքային խմբի նախաձեռնությամբ, կծառայի որպես ուղեցույց։ Դրա հիման վրա մեկօրյա տարածաշրջանային համագումարների, ամառային երկօրյա համագումարի և աշնանը նախատեսվող հանդիպումների ընթացքում կանայք կուսումնասիրեն նախանձի ու ագահության բնույթը, դրանց արմատներն ու հաղթահարման ճանապարհները։
Գրքի առաջին գլուխը՝ «Կյանքն անարդար է», բացահայտում է նախանձի խորքային պատճառները: Այն ընտրվել է որպես այս տարվա գարնանային մեկօրյա տարածաշրջանային համագումարների թեմա, որը մեկնարկեց ապրիլի 25-ին՝ միաժամանակ Տավուշի և Սյունիքի մարզերում։
Իջևանում ՀԱԵ-ն հյուրընկալեց ավելի քան 90 մասնակցի՝ ոչ միայն տեղի, այլև Գյումրու, Շիրակամուտի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի կանանց խմբերից։ Խոսնակը ՀԱԵ Գյումրու հովիվ վեր. Արամ Բաբաջանյանն էր։ Նա ներկայացրեց Մելիսա Քրուգերի գիրքը և, անդրադառնալով առաջին գլխին՝ Եվայի պատմության միջոցով բացատրեց նախանձի փուլերը, պատճառները և դրա կործանարար հետևանքները։
Սյունիքի մարզում՝ Կապանի, Գորիսի և Սիսիանի ՀԱԵ ավելի քան 60 կանանց այս անգամ հյուրընկալել էր Գորիսի եկեղեցին։ Խոսնակը ՀԱԵ Աբովյանի հոգևոր հովիվ պատ. Արմեն Միսակյանն էր։ Անդրադառնալով «Կյանքն անարդար է» զգացողությանը՝ նա ընդգծեց, որ նախանձը հաճախ դժգոհության անխուսափելի հետևանքն է։ Ցանկություն ունենալն ինքնին սխալ չէ, քանի որ կան նաև բարի և Աստծո կամքին հաճելի ցանկություններ։ Սակայն երբ ցանկությունը դառնում է անկառավարելի և եսակենտրոն՝ ուղղված ուրիշի ունեցածին հասնելուն, այն վերածվում է նախանձի։ Սա մեղսածին վիճակ է, որից շղթայական կերպով բխում են բազմաթիվ այլ մեղքեր։
Թե՛ Իջևանում, թե՛ Գորիսում կանայք փոքր խմբերում քննարկումների միջոցով հնարավորություն ունեցան անձնական անդրադարձ կատարել թեմային։ Հարցերի օգնությամբ նրանք փորձեցին հասկանալ՝ երբ և ինչ պայմաններում է նախանձն աննկատ սողոսկում մարդու սիրտը, ինչու է այն դառնում սովորական՝ հիմք ստեղծելով այլ մեղքերի համար, և ինչպես է դառնում անկառավարելի։
Համագումարի ամփոփման ընթացքում թե՛ վեր. Արամ Բաբաջանյանը, թե՛ պատ. Արմեն Միսակյանն անդրադարձան նախանձի կործանարար ազդեցությունից ազատվելու միակ ճանապարհին՝ Քրիստոսին։ Իրական խաղաղությունն ու բավարարվածությունը գալիս են այն ժամանակ, երբ մարդը սովորում է վստահել Աստծուն և գոհ լինել այն ամենից, ինչ Նա տվել է իրեն։
Երկու տարածաշրջանում էլ համագումարի ծրագիրը հագեցած էր․ քույրերը մասնակցեցին հյուրասիրության, միասնական պաշտամունքի, ինտելեկտուալ և զվարճալի խաղերի։ Իջևանում նրանք նաև ձեռքի աշխատանք կատարեցին՝ թելերից տիկնիկներ պատրաստելով։ Սակայն, ամենակարևորը՝ նրանք տուն վերադարձան նոր գիտակցությամբ և վճռականությամբ՝ բացահայտելու իրենց կյանքում նախանձի արմատները։
Աստծո կամքով, նույն թեմայով մեկօրյա տարածաշրջանային համագումարներ կկազմակերպվեն նաև մայիսի 1-ին՝ Երևանում և մայիսի 4-ին՝ Ալավերդիում։