Մատթեոս 15. 21-28 Չորեքշաբթի | Մայիս 6
Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Մատթ. 15.28
ՀԱՎԱՏՔՈՎ ՍՆՈՒՑՈՒՄ
Աֆրիկյան մի քանի երկրներով իր ճանապարհորդությունների ընթացքում Ջեյ Դին ականատես եղավ բազմաթիվ զարմանալի իրադարձությունների: Զամբիայից նրա ուղարկած հաղորդագրություններին կցված էին տեղացի կանանց լուսանկարներ, որոնք ներկայացնում էին դրվագներ ավետարանչության եռամյա ծառայության ծրագրից։ «Դա ամենահզոր ներկայացումներից մեկն էր, որ երբևէ տեսել էի, - կիսվում էր նա իր տպավորություններով,- գրատախտակի փոխարեն նրանք նկարում էին հողի վրա։ Գեղեցիկ տպագրությունների փոխարեն իրենց ձեռքին պահում էին ճմռթած թղթից պատրաստված պաստառներ։ Ամեն ինչ պարզապես աներևակայելի էր»:
Աֆրիկացի քրիստոնյա կանայք ցուցադրում էին այն հավատքը, որն իրապես գնահատում է Հիսուսը։ Մատթեոսի Ավետարանում նկարագրված է հավատքի մեկ այլ օրինակ։ Մի աղջկա դժբախտությունը դրդեց մորը փնտրել Հիսուսին: «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից», - աղաղակում էր նա (Մատթ. 15.22)։ Նրա «մեծ հավատը» (հ. 28) հակադրվում էր դպիրների և փարիսեցիների անհավատությանը, որոնց սրտերը հեռու էին Աստծուց (հ. 8)։ Չնայած Քրիստոսն ընդունեց Աբրահամի սերունդների արտոնյալ դիրքը, Նրա գովասանքը գնաց մի հեթանոս կնոջ, որը կիսում էր Աբրահամի հավատքը։
Ի՞նչն է այսօր մղում ձեզ փնտրելու Հիսուսին՝ անձնակա՞ն, ընտանեկա՞ն, թե՞ հասարակական կարիքը։ Ինչ էլ որ լինի ձեր շարժառիթը, գնացե՛ք դեպի Նա, նույնիսկ եթե դա ձեզ համար դժվար է։ Գնացե՛ք, որովհետև կարևոր չէ ձեր հավատքի մեծությունը, այլ նպատակը՝ Քրիստոսը և միայն Քրիստոսը։
Ինչպե՞ս կբնութագրենք մեր հավատն այսօր։ Ինչպե՞ս կարող ենք նորոգել մեր հույսը Քրիստոսի հանդեպ։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր աճել հավատքի մեջ և ուղարկի՛ր այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինձ դրա համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 21-22, Ղուկաս 23. 26-56