Մայիսի 7-ին և 8-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) մշակութային խմբակների համատեղ նախաձեռնությամբ, Ավետիսյան դպրոցում անցկացվեց «Աստծո ստեղծագործության հրաշքը» խորագրով ցուցահանդեսը։ Այս տարվա թեման նվիրված էր ծովերի և օվկիանոսների աշխարհին:
Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց Ավետիսյան դպրոցի «Արտավյուն» թատերախմբի ներկայացմամբ ու կարմիր ժապավենի կտրմամբ:
«Այսօր մեր առջև բացվել են ծովերն ու օվկիանոսները՝ որպես Աստվածային ներկայության խորհրդանիշ՝ հիշեցնելով, որ այնտեղ, ուր մարդկային հայացքը չի հասնում, Աստծո ձեռքը շարունակում է ներկա լինել՝ կյանք պարգևելով անգամ ամենախոր լռության մեջ»,- բացման իր խոսքում նշեց ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի մշակութային աշխատանքների համակարգող Վազգեն Թորոսյանը։
Ծովային կենդանիների, կորալների և ստորջրյա աշխարհի պատկերներով ձևավորված ցուցասրահը վերածվել էր յուրահատուկ ստեղծագործական միջավայրի, իսկ կենտրոնում պատկերված Նոյյան տապանը հիշեցնում էր հույսի ու փրկության մասին։
Մանկական երևակայությամբ ստեղծագործությունները յուրովի ներկայացնում էին բնության գեղեցկությունն ու մարդու պատասխանատվությունը դրա պահպանման հանդեպ։
Ցուցահանդեսին մասնակցում էր 135 սան՝ Գյումրիից, Շիրակամուտից, Աբովյանից և Երևանից։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել էին փայտամշակման, դիզայնի, գոբելենագործության, նկարչության, տիկնիկագործության և հուլունքագործության խմբակներում՝ արտահայտելով երեխաների ստեղծագործ միտքն ու բնության հանդեպ սերը։
Ավետիսյան կրթահամալիրի ուսուցիչների, ծնողների և աշակերտների դրական արձագանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երեխաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործ մտածողության և հոգևոր արժեքների ձևավորման գործում։