.
ՀԱԵ ծառայողները հմտանում են անհատական ավետարանչության ոլորտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, հավատարիմ մնալով իր կոչմանն ու առաքելությանը, շարունակում է Քրիստոսի Ավետարանի քարոզչության և ուսուցման իր ծառայությունը՝ նոր շեշտադրում դնելով անհատական ավետարանչության զարգացման վրա։

Այս նպատակով ՀԱԵ Հոգևոր Խորհրդին կից գործող Ավետարանչության հանձնախումբը, իր տարեկան ծրագրի շրջանակում, տարածաշրջանային այցեր և վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել ՀԱԵ տարբեր համայնքների ծառայողների համար՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց ու փոխանցել գործնական հմտություններ՝ Ավետարանն անձնական հարաբերությունների միջոցով փոխանցելու համար։

Դասընթացի առաջին փուլն արդեն հաջողությամբ ավարտվել է․ Հայաստանի տարբեր համայնքների 21 եկեղեցու շուրջ 130 մասնակից ներգրավվել է ծրագրում՝ ուսումնասիրելով անհատական ավետարանչության հիմնական սկզբունքներն ու հավատքը բաժնեկցելու արդյունավետ եղանակները։ Ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են․ մի շարք եկեղեցիներ սկսել են իրենց համայնքներում կիրառել ստացած գիտելիքներն ու գործնական մոտեցումները։

Դասընթացները վարել են միջազգային CRU կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ «Ջահ զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Վարդան Բլբուլյանը և նրա թիմակիցները։ Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Կենդանի պահել հավատքի կրակը», «Աղոթք, խնամք, բաժնեկցում», «Ինչպես վկայել Քրիստոսի մասին» և այլ գործնական հարցեր, որոնք օգնում են հավատքը սիրով և վստահությամբ փոխանցել ուրիշներին։

Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է ՀԱԵ շարունակական ծառայության մեջ՝ զորացնելու եկեղեցու անդամներին և պատրաստելու նրանց՝ լինելու Քրիստոսի կենդանի վկաներ իրենց ընտանիքներում, համայնքներում և հասարակության մեջ։

 

Նախորդ
...
X