.
ՀԱԵ ծառայողները՝ «Ալֆա» ծրագրի սեմինարին

Մայիսի 16-ին, Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում գործող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ), տեղի ունեցավ «Ալֆա» ծրագրին նվիրված սեմինար, որին մասնակցում էին ՀԱԵ հովիվներ, քրիստոնեական դաստիարակության պատասխանատուներ, ինչպես նաև պատանեկան և երիտասարդական ծառայությունների շուրջ 60 առաջնորդ Հայաստանի տարբեր քաղաքներից։

Հանդիպումը մեկնարկեց միասնական պաշտամունքով, որի ընթացքում Աստծո Խոսքից պատգամով ծառայեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը։ «Որպեսզի Իմ տունը լցվի» թեմայով պատգամը հիմնված էր Ղուկաս 14.15–23 հատվածի վրա։ Վեր. Խաչատրյանն ընդգծեց, որ եկեղեցու կոչումը պարզապես մեկ տեղ հավաքվելը չէ, այլ մարդկանց դեպի Քրիստոս բերելը։ Վերապատվելին հիշեցրեց, որ ավետարանչությունը միայն հատուկ շնորհք ունեցողների գործը չէ, այլ յուրաքանչյուր փրկված սրտի բնական արձագանքը և եկեղեցու մեծ առաքելության անբաժան մասը։ Այս պատգամը դարձավ սեմինարի թեմային համահունչ կարևոր հոգևոր նախաբան՝ շեշտադրելով մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդելու եկեղեցու կոչումը։

Սեմինարի նպատակն էր եկեղեցիներին ծանոթացնել «Ալֆա» ծրագրի տեսլականին, գործնական կիրառությանը և դրա միջոցով ավետարանչական ու աշակերտության ծառայության նոր հնարավորություններին։

Սեմինարը վարում էր «Ալֆա Հայաստան»-ի պատասխանատու Էլլա Բարտելսիանը, ով ներկայացրեց «Ալֆա» միջազգային ծառայության պատմությունը, առաքելությունն ու արժեքները։ Նշվեց, որ «Ալֆա»-ն սկիզբ է առել 1990-ականներին, Լոնդոնում, և այսօր գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում՝ հասնելով ավելի քան 35 միլիոն մարդու։

Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան «Ալֆա» դասընթացի կառուցվածքին՝ 15 ինտերակտիվ դասից բաղկացած ֆիլմաշարին, որը նախատեսված է քրիստոնեական հավատքի հիմնական հարցերը բաց, ընկերական և քննարկման համար նպաստավոր միջավայրում ուսումնասիրելու համար։ Ներկայացվեց նաև, թե ինչպես կարող է «Ալֆա»-ն օգնել եկեղեցիներին՝ հասնելու եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց, զորացնելու նոր հավատացյալներին, ձևավորելու նոր առաջնորդներ և խթանելու համայնքային աճը։

Առանձին անդրադարձ կատարվեց ծրագրի տարբեր ուղղություններին՝ «Պատանեկան Ալֆա»-ին, ինչպես նաև Ամուսնական, Նախաամուսնական և Ծնողական դասընթացներին, որոնք կարող են ծառայել որպես լրացուցիչ գործիքներ՝ ընտանիքների ամրապնդման և հասարակության տարբեր շերտերի հետ արդյունավետ աշխատանքի համար։

Սեմինարի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու, քննարկելու ծրագրի տեղայնացման և իրենց համայնքներում այն կիրառելու հնարավորությունները։ Այս հանդիպումը կարևոր քայլ էր՝ եկեղեցիներին «Ալֆա» ծրագրի շուրջ համախմբելու և ապագա ծառայության համար անհրաժեշտ տեսլական ու գործնական պատկերացում ձևավորելու ճանապարհին։

Նախորդ
...
X