.
2026թ., Մայիսի 30

Եփեսացիներին 3․14-21                                                                            Շաբաթ   |   Մայիս 30

 

 

Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Եփ․ 3․20-21  

 

ՓԱՓԱԳ ԵՎ ՆԵՐՈՒԺ

 

Գարին նկատում էր, որ եկեղեցում նստած շատ մարդիկ ունեն գաղափարներ, երազանքներ և ներքին կոչում, սակայն հաճախ կասկածում են՝ արդյոք դրանք արժեքավոր են Աստծո համար, եթե անմիջապես կապված չեն եկեղեցական ծառայության հետ։ Ուստի փորձում էր հավատացյալներին խրախուսել, որպեսզի նրանք ավելի հաճախ խոսեն իրենց հավատքի ու կյանքի մասին ոչ միայն կիրակի օրերին, այլև շաբաթվա ողջ ընթացքում՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Մեր աշխատանքը, ուսումը, հանգիստը, ամենն Աստծուց տրված մեր անհատականության արտահայտման միջոցներն են։ Այդ պատճառով կարևոր է բացահայտել սեփական կոչումն ու հավատարմորեն հետևել դրան։ «Մարդիկ կարող են զգուշանալ կրոնական խոսքերից, բայց նրանք կարիք ունեն տեսնելու սիրող Աստծուն՝ կենդանի մարդկանց կյանքի մեջ։ Եվ մենք կարող ենք այդ սիրո պատգամը բերել ամենուր՝ մեր աշխատանքով, հարաբերություններով, ընտրություններով և վերաբերմունքով»,- նշում է Գարին։ 

Պողոս Առաքյալը, դիմելով եփեսացիներին, հիշեցնում է, որ Աստված մեր ողջ կյանքի Տերն է՝ նույնիսկ այն խորունկ ցանկությունների, որոնք երբեմն ինքներս էլ դժվար ենք արտահայտում։ Նա գործում է մեր մեջ Իր զորությամբ, և այդ պատճառով մենք կարող ենք հավատալ, որ Նա կանի ավելին, քան խնդրում ենք (Եփ. 3․20)՝ զորացնելով Իր եկեղեցին։ 

Եթե Աստված մեզ տալիս է երազանքներ և ցանկություններ, եկե՛ք խնդրենք, որ դրանք բացահայտի Իր ծրագրի համաձայն, և առաջնորդի իրականացման ճանապարհին։ Պետք չէ ճնշել դրանք միայն այն պատճառով, որ «հոգևոր» չեն թվում։ «Նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (Եփ. 2․10)։ Եթե Տերը մեր մեջ դրել է փափագ ինչ-որ բանի հանդեպ, եկե՛ք Նրա օգնությամբ և ամբողջ նվիրվածությամբ կյանքի կոչենք դա։

 

Ի՞նչ տեսիլքներ և երազանքներ է Աստված դրել մեր ներսում։ Ինչպե՞ս կարող ենք Նրա օգնությամբ քայլ առ քայլ իրականացնել դրանք հավատարմությամբ ու վստահությամբ։  

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ստեղծել ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Օգնի՛ր բացահայտել և իրագործել այն ներուժը, որ դրել ես իմ մեջ՝ Քո ժամանակին և Քո նպատակների համաձայն։  Ամեն



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 10-12, Հովհաննես 11. 30-57