.
2026թ., Հունիսի 5

Թվեր 32․1-7,16-30                                                                                       Ուրբաթ   |   Հունիս 5

 

 
 

․․․մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։ Թվ․ 32․23    

 

ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ԾԱԾԿՈՒՅԹԻ

 

Ուղևորվելով դպրոց՝ հայրս մի պահ դուրս եկավ մեքենայից՝ թողնելով իր գնման կտրոնների գրքույկը նստատեղի վրա։ Իմ մանկական երևակայությունն անմիջապես լցվեց անսահման հնարավորություններով՝ զվարճանալու և գնումներ անելու համար։ Այդ պատճառով ես պոկեցի երեք կտրոն և թաքցրի դրանք շրջազգեստիս գրպանում։ Հաջորդ օրը հայրս հարցրեց, թե արդյո՞ք ես եմ վերցրել կտրոնները։ «Ոչ», - պատասխանեցի ես՝ զգալով, թե ինչպես է ներսումս ամեն ինչ սեղմվում։ «Վստա՞հ ես», - կրկնեց նա։ «Վստահ եմ», - նորից ստեցի ես։ Դրանից հետո իմացա, որ լվացք անելուց առաջ մայրս ստուգել էր գրպաններս և հայտնաբերել կտրոնները։

«Քո մեղքերը քեզ կգտնեն», - հաճախ զգուշացնում էր ինձ տատիկս։ Եվ, իհարկե, նա ճիշտ էր։ 

Նույնն ասաց Մովսեսն Իսրայելի երկու ցեղերին, որոնք խնդրում էին թույլ տալ բնակվել Ավետյաց երկրի սահմաններից դուրս (Թվ. 32․1-5)։ Սա առաջ բերեց Մովսեսի զայրույթը (հ. 6-15)։ Սակայն երբ նրանք առաջարկեցին օգնել մյուս ցեղերին նվաճել Քանանը և միայն հետո ստանալ իրենց ժառանգությունը, Մովսեսը համաձայնեց (հ. 16-22)։ Այնուամենայնիվ, նա զգուշացրեց. «Եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի» (հ. 23)։ Եթե նրանք ստեին, անխուսափելի կլիներ հատուցումը։

Մանկության տարիներին ես կարևոր դաս սովորեցի՝ մեղքն ունի հետևանքներ, որոնք վաղ թե ուշ հասնում են մեզ։ Բայց Աստված խոստացել է, որ եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, Նա կների, և մենք ազատ կլինենք ապրելու Նրա սիրո մեջ՝ քայլելով Նրա ճանապարհներով (Ա Հովհ. 1․5-10)։


Ի՞նչ ապրումներ ենք ունեցել, երբ փորձել ենք թաքցնել մեր մեղքը։ 


Աղոթք – Տե՛ր, ես չեմ ցանկանում կրել թաքցրած մեղքի հետևանքները։ 

Շնորհակալ եմ այն ներման համար, որը հեռացնում է իմ մեղավորությունն ու ամոթը։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 23-24, Հովհաննես 15