.
ՀԱԵ ծառայողները, ավարտելով NEST-ը, վերադառնում են ծառայության դաշտ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երեք ծառայող հաջողությամբ ավարտեց Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցը (NEST)՝ ստանալով կրթությանը համապատասխան դիպլոմներն ու աստիճանները։ Այս կարևոր ձեռքբերումը ոչ միայն անձնական նվաճում է նրանց համար, այլև արժեքավոր ներդրում եկեղեցու ներկա և ապագա ծառայության զարգացման գործում։

NEST-ի 93-րդ ավարտական հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2026 թվականի մայիսի 30-ին, որի ընթացքում հինգ ուսանող ստացան իրենց դիպլոմներն ու աստիճանները։ Շրջանավարտներից երեքը Հայաստանից էին՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուց, մեկը Լիբանանից՝ Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունից, և մեկը՝ Պաղեստինից՝ Եպիսկոպոսական եկեղեցուց։

Ավարտական արարողությունը յուրօրինակ պաշտամունք էր, որի ընթացքում փառաբանության երգեր բարձրացվեցին առ Աստված, սուրբգրային հատվածներ ընթերցվեցին և աղոթքներ հնչեցին շրջանավարտների համար: Արարողության պատգամախոսը Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի Եպիսկոպոսական եկեղեցու արքեպիսկոպոս և առաջնորդ Գերաշնորհ դոկտոր Հոսամ Նաումն էր։ Իր պատգամում նա կոչ արեց շրջանավարտներին հավատարիմ մնալ իրենց կոչմանը և տոկալ ծառայության դժվարություններին՝ առաջնորդվելով Պողոս առաքյալի հորդորով. «Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր» (Բ Տիմոթեոս 4․5)։ Դոկտոր Նաումը նաև ընդգծեց, որ աստվածաբանական կրթությունը պետք է ուղեկցվի կարեկցանքով և մարդկանց հանդեպ հոգատար վերաբերմունքով։

Ավարտական միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Հայաստանից, որոնց թվում էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը տիկնոջ հետ, ինչպես նաև շրջանավարտների հարազատներն ու մտերիմները։

Պաշտամունքին հաջորդեց դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը:

Էնզելյա Գալոյանը ստացավ Աստվածաբանական դասընթացներին մասնակցության դիպլոմ։ Արտակ Գալոյանը և Շուշան Ենգիբարյանը ստացան համապատասխան գիտական աստիճաններ։

Արտակ Գալոյանը, NEST-ում չորս տարի բարձր առաջադիմությամբ ուսանելուց հետո, արժանացավ Աստվածաբանության բակալավրի աստիճանի։ Շուշան Ենգիբարյանը, երեք տարվա ուսումը գերազանցությամբ ավարտելով, ստացավ Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ուրախությամբ է ընդունում իր շրջանավարտների վերադարձը ծառայության դաշտ և վստահ է, որ նրանց ստացած գիտելիքներն ու փորձառությունը կնպաստեն եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրականացմանն ու կծառայեն Աստծո փառքին։

Աստվածաբանության բակալավրի աստիճան ստացած Արտակ Գալոյանը հովվական փորձաշրջան կանցնի Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում՝ որպես օգնական հովիվ։ Իր կնոջ՝ Էնզելյա Գալոյանի հետ միասին նրանք մեկ տարի կծառայեն համայնքում՝ ներդնելով իրենց աստվածաբանական գիտելիքները և միաժամանակ ձեռք բերելով հովվական ծառայության գործնական փորձառություն։

Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան ստացած Շուշան Ենգիբարյանը կծառայի ոչ միայն քրիստոնեական դաստիարակության ոլորտում, այլև ավելի լայն եկեղեցական շրջանակներում։ Նրա պատասխանատվության ներքո կլինի Հայաստանյայց Ավետարանական տեղական եկեղեցիների կրթական և զարգացման կարիքների ուսումնասիրությունը, համապատասխան ծրագրերի մշակումը և իրականացումը։ Միաժամանակ նա կհամակարգի տեղական և միջազգային համագործակցային նախաձեռնությունները՝ նպաստելով եկեղեցու կրթական ծառայության, առաջնորդության և ընդհանուր զարգացման շարունակական ամրապնդմանը։

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և աղոթում, որ Տերը զորացնի նրանց՝ Իր թագավորության ընդարձակման գործին նվիրված, պտղաբեր և Քրիստոսակենտրոն ծառայության մեջ։

Նախորդ
...
X