.
Պատանյաց միասնական պաշտամունք Գյումրիում

 «Եվ մեկտեղ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորութուն ունին. հապա մեկզմեկ հորդորենք ու այնչափ ավելի՝ որչափ այն օրուան մոտենալը կտեսնենք»։ Եբրայեցիս 10:25  

Նոյեմբերին 23-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Գյումրիում իր ջերմ և հյուրընկալ դռներն էր բացել Դիլիջանի ՀԱԵ պատանյաց և աշակերտաց խմբի 20-ից ավելի սաների առջև:  Երկու քաղաքների պատանյաց խմբերի միասնական պաշտամունքից հետո Աստծո ներկայության մեջ ստեղծված սիրո և ջերմ մթնոլորտը շարունակվեց պատանիների՝ միմյանց հետ հաղորդակցությամբ՝խաղերի և մրցույթների միջոցով: Գյումրու ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ծառայողների կողմից նախապատրաստված զվարճալի խաղերն օգնեցին պատանիներին, որպեսզի ծանոթանան և մտերմանան, իսկ ինտելեկտուալ խաղ-մրցույթը հնարավորություն տվեց նրանց՝ ստուգելու իրենց գիտելիքները Աստվածաշնչի վերաբերյալ: Պատանիների միասնական հանդիպումն ավարտվեց հոգևոր խորհրդածությամբ: Գյումրու ՀԱԵ հովիվ, պատվելի Արամ Բաբաջանյանը խոսեց Ա Հովհաննես 2.14 համարի շուրջ: Պատվելին անդրադարձավ երիտասարդների ուժին, այն է՝ Աստծո խոսքով չարին հաղթելու հնարավորությանը։ Պատգամն ընդհանուր առմամբ քաջալերանքի և Աստծո խոսքի մեջ հաստատուն մնալու հորդոր էր։

Այնուհետև, Դիլիջանի պատանիներն ու ծառայողները, պատվելի Արամ Բաբաջանյանի ուղեկցությամբ, եղան հին և նոր Գյումրու մշակութային ու տեսարժան վայրերում, որոնցից յուրաքանչյուրի մասին պատվելին հակիրճ և բովանդակալից տեղեկություններ տվեց:

Դիլիջանի ՀԱԵ պատանիները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով ոչ միայն Աստծո խոսքի պատգամն ու քաջալերանքը, այլև գյումրեցի ընկերների սերն ու ջերմությունը: Իսկ մինչ մեկնելը՝ պատասխան հրավեր արեցին. Գյումրու ՀԱԵ պատանիներին նրանք կսպասեն Դիլիջանում:  

 

Նախորդ
...
X