.
Սեմինար «Հիսուսի առակները» թեմայով

2019 թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ սեմինար՝ «Հիսուսի առակները» թեմայով: ՔԴ բաժնի կողմից կազմակերպված հերթական սեմինարի խոսնակը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արշավիր Գաբուճյանն էր: Սեմինարին մասնակցում էի ՀԱԵ Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից մոտ 70 ծառայողներ և հովիվներ:

Իր բացման խոսքում բանախոսը նշեց, որ Հիսուսի առակները մեծ ազդեցություն են թողել արվեստի տարբեր բնագավառների վրա և ներշնչման աղբյուր են դարձել հեղինակների համար: Արշավիր Գաբուճյանն անդրադարձավ հետևյալ հարցերին՝ ինչու՞ Հիսուս օգտագործեց առակների ժանրը, ի՞նչ գործոններ են անհրաժեշտ առակները ճիշտ հասկանալու համար, ո՞րն է առակների նպատակը, անդրադարձավ նաև «մարդն առակների մեջ» թեմային:

Պարզ մեթոդներով, մատչելի բացատրություններով, առօրյա կյանքից բերված օրինակներով ու զուգորդումներով, լսարանի հետ աշխատելու անմիջական ու անկեղծ ոճով առանձնացող սեմինարը ներկաներին  օգնեց Աստվածաշնչյան հատվածներին նայել նոր տեսանկյունից, կատարել վերլուծություններ և ճիշտ հարցադրումներ:

«Առակները պետք է անմիջական հասկանալ, չփնտրել ենթատեքստեր, փիլիսոփայություն, թեև պատկերներն ալեգորիկ են, բայց պատմվածքները կոնկրետ իրավիճակի և հարցի պատասխան են, ու պետք է հասկանալ Հիսուսի պատմած ենթատեքստում»,- նկատեց սեմինարի մասնակիցներից Էլիզ Բաղդասարյանը:

Մեկ այլ մասնակից, ամփոփելով սեմինարի վերաբերյալ իր ընկալումները, նշեց. «Սեմինարը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց հենքի ուսումնասիրության կարևորության վրա: Առակները հասկանալու համար պետք է նախ տեղեկություն ունենաս միջավայրի մասին, ճշմարտությունը փնտրես ավելի կոնկրետ պատկերներում՝ չընկնելով վերացական գաղափարների ետևից: Քրիստոս առակներով էր խոսում, որպեսզի բացահայտի ծածուկ բաները նրանց համար, ովքեր նայում էին ու չէին տեսնում, կամ լսում էին ու չէին հասկանում: Քրիստոսի ասելիքն իր ժամանակակիցների համար ավելի ընկալելի էր դառնում առակների միջոցով»:

Նախորդ
...
X