.
2026թ., Հուլիսի 3

Եսայի 40. 25-31                                                                                            Ուրբաթ   |   Հուլիս 3

 

 

…բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով…Ես. 40.31

 

ՀԱՎԱՏՈՎ ԸՆԹԱՆԱԼ

 

Մի կին զգուշորեն բարձրանում էր եկեղեցու սրահ տանող աստիճաններով։ Շուտով պետք է սկսվեր աղոթաժողովը։ Ցավն ու շնչահեղձությունը ստիպում էին նրան ժամանակ առ ժամանակ կանգ առնել, շունչ քաշել և ուժ հավաքել։ Այդ պահին կողքով անցնող մի տղամարդ մեղմորեն ասաց. «Մի՛ շտապեք։ Մի փոքրիկ քայլ արեք, հետո աստիճանաբար ևս մեկը և այդպես տեղ կհասնեք»։ Հնարավոր է՝ հենց այդ պարզ խոսքերը նրան նոր ուժ ու խիզախություն տվեցին՝ շարունակելու ճանապարհը մինչև վերջ։ Իսկ ինձ համար դրանք դարձան հոգնած ու ծանրացած հոգիս զորացնող և քաջալերող խոսքեր։ 

Հավատի ճանապարհին, երբ ուղին չափազանց երկար ու դժվար է թվում, երբեմն հանձնվելու գայթակղություն է առաջանում։ Այդպիսի պահերին կարող ենք զորություն գտնել Եսայի մարգարեի խոսքերում, որոնք ուղղված էին Իսրայելի ժողովրդին։ Մարգարեն խոստանում էր, որ Աստված Իր ժամանակին նրանց դուրս կբերի բաբելոնյան գերությունից։ Նա նման չէ անզոր կուռքերին (Ես. 40․18-20)։ Ամենակարող Տերը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը, «չի հոգնել և չի թուլացել» (հ. 28-29)։ Նա զորացնում է ուժասպառ եղածներին։ «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (հ. 31)։

Եսայի մարգարեի այս խոսքերը զորացրին իսրայելացիներին, և այսօր մենք էլ նույն հավիտենական Աստծուց ենք ուժ ստանում, ում վրա նրանք հույս էին դրել (հ. 28)։ Ուստի եկե՛ք շարունակենք քայլել հավատով՝ օրեցօր, քայլ առ քայլ։ Հուսալով միակ ճշմարիտ Աստծուն՝ մենք կկարողանանք քայլել, վազել և նույնիսկ արծվի պես սավառնել՝ ապրելով Նրա փառքի համար։

 

Ինչպե՞ս կարող ենք ամեն օր ապավինել Աստծո զորությանը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու զորացնում ես ինձ կյանքի ճանապարհին։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 25-27, Գործք Առաքելոց 12