Եբրայեցիներին 12․1-3 Կիրակի | Հուլիս 5
Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ ․․․ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը: Եբր․ 12․1
ՇԱՐՈՒՆԱԿԵ՛Ք ՎԱԶԵԼ
Դա մեր առաջին պաշտոնական մասնակցությունն էր «Վազք այգում» միջոցառմանը։ Նման վազքերը կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրների զբոսայգիներում։ Մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը՝ ծնողները երեխաների հետ, ինչպես նաև հաշմանդամի սայլակով մարդիկ։ Կարևորը հինգ կիլոմետր երկարությամբ տարածությունը հաղթահարելն է։
Չնայած առավոտվա ցրտին՝ նայելով մյուս մասնակիցներին՝ մենք նույնպես որոշեցինք հանել մեր բաճկոնները։ Շուտով, երբ վազքից մեր այտերը կարմրեցին, այլևս չէինք զգում ցուրտը։ Որոշ ժամանակ անց, սակայն, հոգնածությունը սկսեց իրեն զգացնել տալ։ Մենք արդեն պատրաստ էինք դադարեցնել վազքը, եթե չլինեին կամավորները, որոնք ճանապարհի տարբեր հատվածներում մեզ դիմավորում էին ծափահարություններով և քաջալերում էին. «Հիանալի տեսք ունեք», «Շարունակե՛ք այդպես», «Արդեն քիչ է մնացել»։ Այդ համընդհանուր աջակցությունն իսկապես ոգեշնչող էր։ Երբ հասանք ավարտին, հասկացանք, որ այնտեղ հաղթողներ և պարտվողներ չկային, այլ միևնույն նպատակը կիսող մարդիկ, որոնք միմյանց քաջալերում էին, օգնում և ոգեշնչում՝ ճանապարհը մինչև վերջ անցնելու համար։
Հավատքի ճանապարհով քայլելը շատ ավելի դժվար է, բայց մենք շրջապատված ենք «վկաների բազմությամբ» (Եբր․ 12․1): Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլխում գրված է այն մարդկանց մասին, ովքեր հավատարիմ մնացին Աստծուն՝ չնայած փորձություններին: Նրանց օրինակը քաջալերում է մեզ մի կողմ դնել «ամեն ծանրություն»՝ այն ամենը, ինչը շեղում է մեզ Աստծո նպատակից, ինչպես նաև մեղքը, որը խաթարում է մեր բնավորությունը և խանգարում հոգևոր պտուղ բերել։ Սակայն ամենից առավել մեր հայացքը պետք է ուղղված լինի «հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին», Ով զորացնում է մեզ, որպեսզի չհոգնենք և չհուսահատվենք (հ. 2-3)։
Աստծո սերն ու կյանք պարգևող նպատակներն անփոփոխ են։ Թեև փորձություններն ու դժվարությունները փորձում են կանգնեցնել սրբերին, սակայն մեզնից առաջ ապրած հավատարիմ վկաների օրինակը և Ինքը՝ Տերը, Ով Իր Սուրբ Հոգով բնակվում է մեր մեջ, զորացնում են մեզ, որպեսզի շարունակենք մեր ընթացքը։
Աստվածաշնչյան ո՞ր կերպարների պատմությունն է առավել ոգեշնչում մեզ։ Ի՞նչն է օգնում, որ դժվարությունների մեջ մեր հայացքը մշտապես ուղղված մնա դեպի Քրիստոսը։
Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ անցյալի հավատքի հերոսների կյանքի օրինակներով զորացնում ես ինձ իմ հավատքի ճանապարհին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 30-31, Գործք Առաքելոց 13. 26-52