.
2026թ., Հուլիսի 6

Ժողովող 12.1,8, 13-14                                                                          Երկուշաբթի   |   Հուլիս 6

 

 

Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները․․․: Ժող․ 12․13

 

Ո՞ՐՆ Է ԻՄԱՍՏԸ

 

Գոլֆիստ Սքոթի Շեֆլերը վաստակել էր ավելի քան յոթանասուն միլիոն դոլար, հաղթել երեք հեղինակավոր մրցաշարերում և նվաճել օլիմպիական ոսկե մեդալ, սակայն այդ ամենը նրան իրական բավարարվածություն չէր պարգևում։ «Այս ամենը դատարկ է թվում, - խոստովանում էր նա։ - Այո՛, հաճելի է հաղթող լինել, բայց դա չի լցնում սրտում եղած դատարկությունը»։

 Նա պատմում էր, որ ինքն իրեն բազմիցս տվել էր այս հարցերը` «Ո՞րն է իմաստը։ Ինչո՞ւ եմ ես այդքան ցանկանում հաղթել այս մրցաշարում։ Ամբողջ կյանքդ աշխատում ես, բայց ինչի՞ համար, որպեսզի ընդամենը մի քանի րոպե տոնե՞ս հաղթանակդ»։

Սքոթիի մտքերը կրկնում են Ժողովող գրքի գաղափարները։ Իր գրքի ավարտին հեղինակը հորդորում է ընթերցողին. «Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել ․․․ օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»» (Ժող. 12․1)։ Կյանքի ուրախությունները ժամանակի ընթացքում խամրում են, և վաղ թե ուշ մենք ինքներս էլ կհամաձայնենք նրա հայտնի խոսքերի հետ. «Ունայնություն ունայնությանց․․․ամեն բան ունայն է» (հ. 8)։

Սակայն Ժողովողի արձագանքը ո՛չ հուսահատությունն է, ո՛չ էլ հանձնվելը։ Ամենակարևորը մեր սրտի վիճակն է Արարչի առաջ. «…Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները․․․» (հ․ 13)։ Իսկական բավարարվածությունն ու կյանքի իրական իմաստը գալիս են հնազանդությունից Նրա առաջ, Ով իմաստ և հավերժական նշանակություն է տալիս յուրաքանչյուր գործի (հ. 14)։

Ուրեմն ո՞րն է կյանքի իրական իմաստը։ Այն, որ մենք ունենք Աստված, Ով հոգ է տանում մեր մասին և ուշադրություն է դարձնում մեր կյանքի յուրաքանչյուր քայլին ու յուրաքանչյուր գործին։ Նրա ներկայությունն է մեր կյանքին տալիս այնպիսի իմաստ, արժեք և հավիտենական նշանակություն, որը մենք երբեք չէինք կարող ստեղծել սեփական ուժերով։

 

Ո՞ր իրավիճակներում ենք ինքներս մեզ հարց տալիս. «Ո՞րն է այս ամենի իմաստը»։ Ինչպե՞ս է Ժողովող գրքի պատգամը ձևավորում կյանքի նպատակի և իրական իմաստի վերաբերյալ մեր պատկերացումը։  

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ իմ կյանքին հավիտենական իմաստ ես տալիս։ Օգնի՛ր ապրել այնպես, որ Քո սերն ու լույսը շողան իմ միջոցով բոլոր նրանց համար, ում հանդիպում եմ։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 32-33, Գործք Առաքելոց 14