.
2026թ., Հուլիսի 7

Ա Հովհաննես 4․7-11                                                                              Երեքշաբթի   |   Հուլիս 7

 

 

Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Ա Հովհ․ 4․11

 

ԱՆԿԵՂԾ ՍԵՐ

 

Եկեղեցու կանանց ծառայության պատասխանատուն Ջուլիին հրավիրեց ճաշի։ Նա սիրով ընդունեց հրավերը, սակայն ողջ ճաշի ընթացքում իրեն անհարմար էր զգում։ Քանի որ նա կամավոր էր ծառայում, մտածում էր, թե հրավերի հետևում անպայման ինչ-որ պատճառ կա։ Միգուցե իրեն խնդրեն ավելի շատ ժամանակ հատկացնել ծառայությանը։ Կամ, ավելի վատ, գուցե ինքը որևէ սխալ է արել, և այժմ իրեն պիտի նկատողություն անեն։ Սակայն նրանց զրույցը ջերմ ու անկեղծ էր։ Ճաշի վերջում պատասխանատուն վճարեց հաշիվը, գրկեց Ջուլիին և ասաց, թե որքան ուրախ է միասին ժամանակ անցկացնելու համար։ Այդ պահին նա զգաց, թե ինչպես է ամբողջ լարվածությունը հեռանում իրենից։ Երբ քայլում էր դեպի մեքենան, Ջուլին հանկարծ հասկացավ մի պարզ, բայց խոր ճշմարտություն․ իրեն հրավիրել էին պարզապես սիրուց դրդված՝ առանց որևէ թաքնված նպատակի կամ ակնկալիքի։

Ցավոք սրտի, մեր պրագմատիկ ժամանակներում մարդկանց հաճախ օգտագործում են որպես ռեսուրս նպատակներին հասնելու համար: Սակայն կանանց ծառայության պատասխանատուն պարզապես իրականացրեց այն կոչը, որ տալիս է Հովհաննես առաքյալն իր առաջին թղթում։ Նա հորդորում է հավատացյալներին. «Սիրենք միմյանց»։ Ոչ թե որևէ շահի կամ օգուտի համար, այլ «որովհետև սերն Աստծուց է» (Ա Հովհ. 4․7), և «Աստված սեր է» (հ. 8)։ Այս պատվիրանը զարմանալի է իր պարզությամբ։ Մեր սերը մարդկանց հանդեպ բխում է այն սիրուց, որով Աստված նախ սիրեց մեզ. «Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց» (հ. 10)։

Յուրաքանչյուր մարդ փափագում է լինել սիրված և ընդունված։ Եկե՛ք մնանք Աստծո սիրո մեջ և թույլ տանք, որ այդ սերը բխի մեր սրտերից ուրիշների հետ փոխհարաբերություններում։

 

Ու՞մ հետ ենք ժամանակ անցկացնում առանց որևէ նպատակի, պարզապես սիրուց դրդված։ Որքա՞ն հաճախ ենք Աստծո մոտ գալիս ոչ թե ինչ-որ բան խնդրելու, այլ պարզապես Նրա ներկայության մեջ լինելու, որովհետև սիրում ենք Նրան։ 

 

Աղոթք – Տե՛ր, երբ մեր աղոթքները սկսում են վերածվել միայն խնդրանքների ցանկի, օգնի՛ր մեզ նորից խորասուզվել Քո սիրո մեջ, վայելել Քո ներկայությունը և ապրել այդ սիրով ամեն օր։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 34-35, Գործք Առաքելոց 15. 1-21