.
2026թ., Հուլիսի 10

Դ Թագավորների 6․9-17                                                                           Ուրբաթ   |   Հուլիս 10

 

 

Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։ Դ Թագ․ 6․16

 

 

ԱՍՏԾՈ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

 

Հրեշտակները միշտ այնտեղ էին, չնայած ոչ ոք նրանց չէր տեսնում: Նրանք զարդարում էին հին եկեղեցու պատերը, բայց ավելի քան մեկ դար թաքնված էին ներկի շերտերի տակ։ Եկեղեցական գրքում պահպանվել էր պայմանագիր մեկ ծխական հավատացյալի հետ, ով պատերը նկարազարդել էր 1730 թվականին, երբ շենքը նոր էր կառուցվել։ Վերջին վերականգնման աշխատանքները հանգեցրին հրեշտակների բացահայտմանը։  

Աստվածաշունչը խոսում է այս գերբնական էակների մասին` իրական, ոչ հորինված, որոնք մասնակցում են երկրի վրա կատարվող բազմաթիվ իրադարձությունների, նույնիսկ երբ մարդիկ դա չեն գիտակցում։ Մի անգամ այն քաղաքը, որտեղ ապրում էր Եղիսե մարգարեն, շրջապատվեց Ասորեստանի թագավորի զորքով։ Երբ Եղիսեի ծառան տեսավ այդքան թշնամիների, նա բացականչեց. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք» (Դ Թագ. 6․15)։ Մարգարեն պատասխանեց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները» (հ. 16)։  Եղիսեն աղոթեց, որ Աստված բացի ծառայի աչքերը, և նա տեսավ. «Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով» (հ. 17)։

Հրեշտակները «սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբր. 1․14)։ Նրանք Աստծո պատգամաբերներն են, որոնց Նա կոչել է՝ օգնելու մեզ։ Մենք նրանց չենք տեսնում, բայց նրանք իրական են։ Ավելին, Աստված մեզ պահպանելու և հոգ տանելու անհամեմատ ավելի շատ միջոցներ ունի, քան մենք երբևէ կարող ենք պատկերացնել։ Եվ այդ ճշմարտությունը պետք է մղի մեզ հրեշտակների պես փառաբանելու Նրան։

 

Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել Տիրոջն Իր հոգատարության համար։

 

Աղոթք – Սիրելի՛ Երկնային Հայր, շնորհակալ եմ, որ մշտապես պահպանում ես ինձ։ Օգնի՛ր ամեն օր ավելի մոտենալ Քեզ, վստահ ապրել Քո ներկայության մեջ և երբեք չհեռանալ Քո ճանապարհից։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 41-42, Գործք Առաքելոց 16. 22-40