Բ Տիմոթեոս 2. 1-13 Շաբաթ | Հուլիս 11
Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Բ Տիմ․ 2․10
ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
Բուլղարացի փրկարար Յանե Պետկովը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ ձեռքերը և ոտքերը կապված վիճակում լողալով 3380 մետր։ Առաջադրանքն էլ ավելի բարդացնելու համար նա մարմինը փաթաթեց պարկի մեջ։ Նրա տոկունությունն ու ֆիզիկական ուժն իսկապես ապշեցուցիչ էին։
Պողոս առաքյալը նույնպես դրսևորում էր զարմանալի տոկունություն՝ չնայած իր կյանքում հանդիպած բազմաթիվ դժվարություններին։ Հոգնածությունը, քաղցը, անքուն գիշերները, հալածանքներն ու ծեծը չկարողացան կանգնեցնել նրան։ Նա շարունակում էր քարոզել Ավետարանը և գրել նամակներ, որոնցով խրատում ու քաջալերում էր հավատացյալներին։
Իր վերջին նամակը Պողոս առաքյալը գրեց՝ գտնվելով հռոմեական բանտում և սպասելով մահապատժին։ Թեև նրա մարմինը շղթայված էր, նա վստահ էր, որ «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմ. 2․9)։ «Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ», - գրում էր առաքյալը (հ. 10)։
Աստված կարող է մեզ զորացնել հաղթահարելու ցանկացած դժվարություն, որը խոչընդոտում է մեր ծառայությանը։ Թեև ֆիզիկական սահմանափակումները՝ հիվանդությունը, վնասվածքները կամ հաշմանդամությունը, պահանջում են հոգատարություն և ուշադրություն, սակայն դրանք երբեք չեն կարող գերազանցել Աստծո զորությանը, որ տկարության մեջ է կատարյալ դառնում (Բ Կորնթ. 12․9)։ Ուստի եկե՛ք փառք տանք Աստծուն, Ով գործում է մեր միջոցով և կատարում այն, ինչ մենք ինքներս երբեք ի զորու չէինք անել։
Ո՞րն է Աստծուն ծառայելու ճանապարհին մեր ամենամեծ դժվարությունը։ Ինչպե՞ս է Աստված օգնում մեզ հաղթահարել այն հիասթափությունը, որն առաջանում է մեր սահմանափակումների պատճառով։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ամեն բանում փառավորել Քո սուրբ անունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 1-3, Գործք Առաքելոց 17. 1-15