Հովհաննես 3. 16-21 Երկուշաբթի | Հուլիս 13
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հով․ 3․16
ԱՍՏԾՈ ՎՃՌԱԿԱՆ ՍԵՐԸ
Դանիելը ծնվել էր Ռումինիայի մանկատներից մեկում։ Ութ տարեկանում նրան որդեգրեց մեկ այլ երկրից մի ընտանիք։ Խնամատար ծնողները գիտեին, որ Դանիելն ունի կապվածության խանգարում, և նրա համար շատ դժվար է լինելու ընդունել իրենց որպես իր ծնողներ։ Եվ իսկապես, շուտով նա սկսեց բարկության ուժեղ նոպաներ ունենալ, այնքան, որ ծնողները երբեմն նույնիսկ մտահոգվում էին իրենց անվտանգության համար։ Սակայն հինգ տարի շարունակ նրանք երբեք Դանիելին մենակ չթողեցին, նույնիսկ նրա ամենածանր բռնկումների ժամանակ։ Իր տասներեքերորդ տարեդարձին տղան առաջին անգամ ասաց ծնողներին, որ շատ է սիրում նրանց։ Մայրը հետագայում այսպես ամփոփեց իրենց փորձառությունը. «Սերը մարտադաշտ է և այն թույլերի համար չէ»։
Մենք բոլորս ծնվում ենք այն զգացումով, որ մեր կյանքում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը պակասում է։ Ինչպես Դանիելը, մենք նույնպես տառապում ենք մի տեսակ «կապվածության խանգարումից»։ Սակայն Աստված այնքան սիրեց աշխարհը, որ դիմեց ամենահամարձակ քայլին. «Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3․16)։ Նա գտավ մեզ այս երկրային կյանքի մարտադաշտում՝ Որդու մարմնավորմամբ։ «Լույսն աշխարհ եկավ» (հ. 19)։
Աստված այդ քայլին գնաց, որպեսզի հայտնի Իր անսահման սերն աշխարհի՝ մեր հանդեպ։ Նրա՝ որպես Հոր զորեղ, վճռական և անսասան սիրտը փափագում է մեզնից լսել նույն խոսքերը, որ մի օր լսեցին Դանիելի ծնողները. «Ես շատ եմ սիրում Քեզ»։
Ե՞րբ ենք զգացել, որ մեր կյանքում ինչ-որ բան պակասում է։ Ինչպե՞ս ենք արձագանքում Աստծո վճռական ու անսահման սիրուն։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես շատ եմ սիրում Քեզ։ Շնորհակալ եմ, որ Դու առաջինը սիրեցիր ինձ և Քո անսահման սիրով ընդունեցիր որպես Քո զավակ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 7-9, Գործք Առաքելոց 18