.
2026թ., Հուլիսի 14

Դատավորներ 6․36-40                                                                          Երեքշաբթի  |   Հուլիս 14

 

 

Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։ Դատ․ 6․17

 

ԱՍՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՄ Է

 

Ջեյը որպես նվեր ստացավ Աստվածաշունչ «Գեդեոն» անվամբ կազմակերպության կողմից, բայց նրա վերլուծական միտքը թույլ չէր տալիս հավատալ գրքի մեջ գրված հրաշքներին։ Մյուս կողմից՝ իր քրիստոնյա ընկերոջ անկեղծ հավատը նույնպես նրան հանգիստ չէր տալիս։ Այդ ժամանակ Ջեյը դիմեց Աստծուն անսովոր աղոթքով. «Եթե Դու ուզում ես, որ ես հավատամ Քո Խոսքին, արա մի բան, որը ես չեմ կարող բացատրել»։

Մի օր Ջեյը ցանկացավ կարդալ իր Աստվածաշունչը, սակայն նկատեց, որ այն անհետացել է։ Իսկ նա այն մարդկանցից չէր, ովքեր կորցնում են իրենց իրերը։ Նույն օրը, երբ կեսօրին սկսեց անձրև տեղալ, նա մեքենայով գնում էր աշխատանքի՝ Ցյուրիխի համալսարան։ Երբ դուրս եկավ մեքենայից, հանկարծ թաց մայթի վրա տեսավ իր Աստվածաշունչը։ «Տարօրինակ է»,- մտածեց Ջեյը։ Երբ նա վերցրեց Աստվածաշունչը, նկատեց, որ գիրքն ամբողջովին չոր է՝ չնայած անձրևին։ Դա հենց այն էր, ինչը նա չէր կարող բացատրել։

«Գեդեոն» կազմակերպությունն իր անունը ստացել էր Հին Կտակարանի իսրայելացի հերոս Գեդեոնի անունից։ Երբ Աստված կանչեց Գեդեոնին, որպեսզի նա առաջնորդի Իսրայելին թշնամու հսկայական բանակի դեմ, նա մեծ կասկածներ ուներ։ Այդ պատճառով նա դիմեց Աստծուն. «Ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես» (Դատ. 6․37)։ Աստված պատասխանեց Գեդեոնի խնդրանքին, և ոչ թե մեկ, այլ երկու անգամ (հ. 39-40)։

Այս օրինակները կարող են բացահայտել Աստծո բնավորությունը։ Իր փոքրաթիվ զորքով Գեդեոնը հաղթանակ տարավ (Դատ. 7)։ Իսկ Ջեյը հավատաց Քրիստոսին, երբ հասկացավ, որ իր աղոթքը լսել էր սիրող Աստվածը՝ Նա, Ով գործում է այնպես, ինչպես մենք չենք կարող բացատրել։ 

 

Երբևէ եղե՞լ է, որ տեսնենք Աստծո գործը մեր կյանքում այնպես, որ չկարողանանք բացատրություն տալ դրան։ Ի՞ նչ ազդեցություն է ունեցել այդ փորձառությունն մեր հավատքի կյանքի վրա։ 

 

Աղոթք – Շնորհակալ եմ Քեզ, Երկնայի՛ն Հայր, որ լսում ես մեր անկեղծ աղոթքները և Քո կատարյալ կամքի համաձայն պատասխանում դրանց։  Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 10-12, Գործք Առաքելոց 19. 1-20