Հակոբոս 1. 19-21 Երկուշաբթի | Հուլիս 27
Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ։ Հակ․ 1․19
ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌԱԲԱՆՈՂ ԽՈՍՔԵՐ
Ընկերս՝ Ալեքսը, գրական խմբագիր էր։ Նա երկար ժամանակ աշխատում էր մի հայտնի գործարարի ձեռագրի վրա, սակայն հրատարակչությունը, ներքին խնդիրների պատճառով, անսպասելիորեն որոշեց հետաձգել գրքի հրատարակությունը։ Ալեքսը հեղինակին փոխանցեց այդ տխուր լուրը և մտածում էր, որ արձագանքը կտրուկ կլինի։ Ամեն անգամ, երբ բացում էր իր էլեկտրոնային փոստը, սպասում էր այնտեղ տեսնել զայրույթով լի մի նամակ։
Պատասխանը եկավ միայն մեկ շաբաթ անց։ «Անմիջապես չպատասխանեցի, - գրել էր գործարարը, - որովհետև նախ ուզում էի լավ մտածել՝ ինչ գրել և ինչպես ճիշտ արձագանքել»։ Այնուհետև նա արտահայտում էր իր ափսոսանքը և հանդարտ կերպով ներկայացնում, թե, իր կարծիքով, ինչպես կարելի էր լուծել ստեղծված իրավիճակը։
Այդքան իմաստուն և կշռադատված պատասխանը խոր տպավորություն թողեց ինձ վրա։ Գործարարի պահվածքն արտացոլում էր այն, ինչ Աստվածաշունչն ասում է բարկության մասին։ Հակոբոսը հորդորում է հավատացյալներին սանձ դնել իրենց լեզվին, որովհետև խոսքով մարդը հեշտությամբ կարող է մեղանչել (Հակ. 1․26, 3․5-6)։ Մենք պետք է ուշադիր լինենք մարդկանց հանդեպ, փորձենք հասկանալ նրանց, զգուշորեն ընտրենք մեր խոսքերը և նախքան բարկանալը մտածենք՝ արդյո՞ք դրա համար իսկապես պատճառ կա (Հակ. 1․19)։
Խոսքի մեջ զսպված լինելն օգնում է խուսափել մեղքից, հնարավորություն է տալիս, որ Աստծո Խոսքը փոխի մեզ (հ․ 21), և արտացոլում է Աստծո բնավորությունը։ «Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ»,- գրում է սաղմոսերգուն (Սաղմ. 103.8)։ Ուստի եկե՛ք մեր խոսքերով և նույնիսկ մեր լռությամբ նմանվենք սիրող Աստծուն։
Երբ բարկությունը պատում է մեզ, ի՞նչն է օգնում զսպել մեր լեզուն և իմաստությամբ արձագանքել։ Որքանո՞վ են մեր խոսքերը վկայում մեր հավատքի մասին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր մեզ պատրաստակամ լինել լսելու, զգուշավոր՝ խոսելու և համբերատար՝ բարկանալու մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 43-45, Գործք Առաքելոց 27. 27-44