Սաղմոսներ 93 Երեքշաբթի | Հուլիս 28
Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։ Սաղմ․ 93․4
ՓՈԹՈՐԻԿՆԵՐԻՑ ՈՒԺԵՂ
Սպասք լվացող մեքենան հանկարծ սկսեց ահազդու դղրդալ։ Ես վազեցի՝ տեսնելու, թե ինչ է պատահել, և հայտնվեցի աղետի էպիկենտրոնում. ջուրը ցայտում էր մեքենայից բոլոր ուղղություններով, և հատակի ջուրն արագ բարձրանում էր։
Սկսվեց իսկական իրարանցում։ Ես ու ամուսինս փակեցինք ջրի փականը, զանգահարեցինք վթարային ծառայություն և անցանք ջուրը դուրս հանելու բարդ գործին։ Մի քանի շաբաթ շարունակ լարված իրավիճակում էինք. այս փորձությունն իսկապես ամենաանպատեհ պահին էր վրա հասել։
Սաղմոսերգուն նույնպես խոսում է գետերի մասին, որոնք «բարձրանում են» (Սաղմ. 93․3)։ Երբ կյանքում փորձություններ են գալիս, այս պատկերը շատ դյուրին է պատկերացնել։ Սակայն նա մեր հայացքն ուղղում է Նրան, Ով զորեղ է բոլոր փոթորիկներից՝ Տիրոջը, Ով «մեծափառություն է հագել», և Ում «աթոռը հաստատ է սկզբից» (հ․1-2)։ Եվ վստահեցնում է ընթերցողներին. «Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ» (հ. 4)։
Աստված Իր զորությունը հայտնեց նաև մեր այս փորձության ընթացքում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք կրկին համոզվեցինք, որ Նա իսկապես թագավորում է։ Մի քանի ամիս առաջ մեր տանը ջրամատակարարման համակարգի վերանորոգում էին կատարել, և այդ ժամանակից մեզ մոտ խմելու ջրի մեծ պաշար էր մնացել։ Ճիշտ ժամանակին, ակնհայտ տեսանք Աստծո գործը մեր կյանքում։
Ի՞նչ զգացողություն է մեր մեջ արթնացնում այն պատկերը, որ Աստծո գահը բարձր է մեր կյանքի բոլոր փոթորիկներից։ Ինչպե՞ս են Նրա զորությունն ու հոգատարությունը դրսևորվել մեր փորձությունների ընթացքում։
Աղոթք – Երկնայի՛ն Հա՛յր, թագավորի՛ր իմ կյանքի բոլոր փոթորիկների վրա։ Շնորհակալ եմ, որ Դու զորեղ ես այն ամենից, ինչին երբևէ ստիպված կլինեմ հանդիպել։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 46-48, Գործք Առաքելոց 28