Ելք 15․22-16․5 Չորեքշաբթի | Հուլիս 29
․․․մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք։ Ելք 16․3
ԵՍ ՍՐԱՆ ՉԵՄ ԴԻՄԱՆԱ
2010 թվականին ծանր նյարդաբանական հիվանդությունը հիմնովին փոխեց իմ սովորական կյանքը։ Ժամանակի ընթացքում ես սովորեցի ապրել՝ օրերիս մեծ մասն անցկացնելով անկողնում։ Ինձ ուժ էր տալիս այն, որ երբ առողջական վիճակս փոքր-ինչ բարելավվում էր, կարողանում էի հաշմանդամի սայլակով երբեմն դուրս գալ մարդկանց մեջ։ Սակայն տասը տարի անց սկսվեց համավարակը։ Իմ խոցելի առողջական վիճակի պատճառով ես հայտնվեցի էլ ավելի խոր մեկուսացման մեջ։ «Ես սրան չեմ դիմանա», - հառաչում էր իմ ամբողջ էությունը։
Իսրայելացիները նույն զգացողությունն ունեին Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Սուրի անապատում նրանք տանջվում էին ծարավից (Ելք 15․22-23)։ Փոքր-ինչ թեթևություն գտան Եղիմում՝ աղբյուրներով և արմավենիներով հարուստ այդ օազիսում (հ. 27)։ Սակայն նրանք չէին կարող այնտեղ երկար մնալ։ Պետք էր շարունակել ճանապարհը դեպի Սինա։
Եգիպտոսից դուրս գալուց վեց շաբաթ անց նրանց առջև ծառացավ մի նոր փորձություն՝ այս անգամ սովը (Ելք 16.1-3)։ Հուսահատության մեջ իսրայելացիները, հավանաբար, մտածում էին. «Մենք սրան չենք դիմանա»։ Սակայն Աստված հոգ տարավ նրանց կարիքի համար՝ ուղարկելով մանանա և լորամարգիներ (հ. 4-5)։
Երբեմն մենք նույնպես անցնում ենք կյանքի այնպիսի անապատներով, որտեղ ամեն քայլը դժվար է թվում։ Սակայն Աստված հոգ է տանում մեր մասին այնպես, ինչպես հոգ տարավ Իսրայելի ժողովրդի մասին։ Նա տալիս է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ ճիշտ ժամանակին և անհրաժեշտ չափով․ ընկերներ, որոնք պատրաստ են անգամ թեստ հանձնել, որպեսզի կարողանան մեզ այցելել, պաշտպանիչ դիմակներ, որպեսզի կարողանանք դուրս գալ տնից։ Իսկ ամենակարևորը՝ մենք գիտենք, որ այն Խոստացված երկիրը, դեպի որտեղ մենք շարժվում ենք, շատ ավելին է, քան Քանանը։ Այն հավիտենական, առատ կյանքն է Քրիստոսի մեջ, որտեղ այլևս չկան հիվանդություններ և տկարություններ։
Եղե՞լ է արդյոք, որ մեր սրտում կամ մտքում ասենք․ «Ես սրան չեմ դիմանա»։
Աղոթք – Ողորմա՛ծ Տեր, շնորհակալ եմ, որ կյանքի անապատների միջով անցնելիս հոգ ես տանում մեր մասին։ Երբ ծանր ժամանակներ գան, պարգևի՛ր մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 49-50, Հռոմեացիներին 1