Բ Մնացորդաց 20. 14-19 Ուրբաթ | Հուլիս 31
․․․Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ Բ Մնաց․ 20․15
ՏԻՐՈՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Քերոլը եկեղեցում սիրով ծառայում էր տարեցներին։ Սակայն մի օր նա բախվեց մի ազդեցիկ առաջնորդի ճնշմանը։ Դա այնքան վշտացրեց նրան, որ նա դիմեց հոգևոր խորհրդատուի օգնությանը։ Խորհրդատուն առաջարկեց նրան հեռանալ, բայց Քերոլը չէր ցանկանում թողնել իր սիրելի ծառայությունը։ Շփոթված՝ Քերոլն աղոթեց Աստծուց առաջնորդության ստանալու համար, և Տերը նրան մխիթարություն ու վստահություն ուղարկեց։ Նա ցույց տվեց նրան, որ նա պետք է վստահի Իրեն, բայց նաև խոսի իր առաջնորդի հետ։
Երբ Հոսափատ թագավորն իմացավ, որ Երուսաղեմին մոտենում է հզոր թշնամի, նրա առաջին արձագանքն աղոթքն էր։ Նա աղաղակեց գերիշխան Աստծուն. «Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված» (Բ Մնաց․ 20․12): Իրենց ուժերին ապավինելու փոխարեն, թագավորը և Հուդայի ժողովուրդն իրենց խնդիրը վստահեցին Աստծուն (հ. 18):
Հազիել մարգարեի միջոցով տրված պատասխանը քաջալերական էր. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք… որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը» (հ. 15)։ Տերը պատվիրեց Հոսափատին իր զորքը դուրս բերել թշնամու դեմ, բայց ճակատամարտի ելքը վստահել Իրեն։ Ժողովուրդն այդպես էլ արեց՝ այդ ընթացքում փառաբանելով Աստծուն, կարծես Նա արդեն պատասխանել էր իրենց աղոթքին (հ․ 20-21)։ Եվ արդյունքում պարզվեց, որ թշնամին իսկապես պարտված էր (հ. 24)։
Երբ դժվարությունների ենք հանդիպում, մենք նույնպես պետք է աղոթենք և Աստծուց օգնություն խնդրենք։ Գուցե հաղթանակը միշտ չէ, որ կլինի այնպես, ինչպես մենք ենք սպասում, սակայն, ինչ էլ որ պատահի, վախենալու կարիք չկա։ Պատերազմը մերը չէ, այլ՝ Աստծունը։
Ի՞նչ փորձությունների միջով ենք այժմ անցնում։ Ինչպե՞ս կարող ենք մեր անհանգստություններն ու հոգսերը վստահել Աստծուն։
Աղոթք – Ամենակարո՛ղ Տեր, ես ապավինում եմ Քո ամենակալ իշխանությանը։ Օգնի՛ր ինձ լիովին վստահել Քեզ, որովհետև այս պայքարը Քոնն է, ոչ թե իմը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 54-56, Հռոմեացիներին 3