Դեկտեմբերի 25-ին, երբ արևմուտքը նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Բաղրամյան 18-ում Սուրբ Ծննդյան երգերի համերգ էր կազմակերպել։ ՀԱԵ-ն Սուրբ Ծնունդը նշելու է հունվարի 6-ին, իսկ այս համերգը տոնական մթնոլորտի ձևավորման յուրահատուկ մեկնարկ դարձավ։ ՀԱԵ Բաղրամյան 18-ի և ՀԱԹ-ի փառաբանության խմբերն ու մեներգիչները միավորվել ու յուրահատուկ նվագախումբ-երգչախումբ էին կազմել։ Սուրբ Ծննդյան հին ու նոր երգեր, յուրահատուկ գործիքավորում, հեղինակային կատարումներ, դասական հայտնի երգերը ջազային մատուցմամբ․ 1,5 ժամ տևած համերգային ծրագրի ընթացքում մասնակիցները մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան մասին պատմեցին 15 տարբեր երգերի միջոցով։ Դաշնակահար՝ Արեն Դեյիրմենջյանը, հարվածային գործիքներ՝ Նազո Մերթխանյանը և մեներգիչներ Անահիտ Սիմոնյանը, Անի Հաջինյանն ու ՀԱԹ-ի ՀԱԵ մանկական երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց Սուրբ Ծննդյան հին երգերի նոր մշակումներ։ Սևակ Հաջյանը կատարեց Սուրբ Ծննդյան հայտնի երգերն անգլերեն լեզվով, դե իսկ Լիլիթ Հովակիմյանն ու Զուլալ Բոյմուշակյանը ոչ միայն կատարեցին Հոգևոր Երգարանի Սուրբ Ծննդյան երգերը, այլև դաշնակահարներ Աննա Թաթոսյանի և մաեստրո Արմենուհի Կարապետյանի հեղինակած երգերը։ Եվս 3 երգ բոլոր երգիչները միասին կատարեցին։ Համերգի մուտքն ազատ էր, իսկ հավաքված հանդիսատեսը ոչ միայն գեղեցիկ կատարումներ ունկնդրելու հնարավորություն ունեցավ, այլև Քրիստոսի Ծննդյան ավետիսը լսեց ու փոխանցեց մյուսներին։
Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց Ձեզ և մեզ մեծ Ավետիս։