Եբրայեցիներին 1. 7-14 Երեքշաբթի | Օգոստոս 4
Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։ Եբր․ 1․14
ԱՍՏԾՈՒՑ ԵԿՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Խավար մի գիշեր ձկնորս Սքոթ Թոմփսոնն իր նավակից ընկավ ԱՄՆ-ի արևմտյան ափի մոտ գտնվող Սանտա Բարբարայի նեղուցը։ Սկզբում նա ամբողջ ուժով լողաց նավակի հետևից, բայց շարժիչն արագ էր աշխատում, և հասնել նրան անհնար էր։ Այնուհետև Սքոթը որոշեց լողալով հասնել նավթային հարթակ, որի լույսերը երևում էին հորիզոնում։ Սակայն ճանապարհը շատ երկար էր, և նա արդեն սկսում էր կորցնել հույսը, երբ հանկարծ լսեց մի ձայն։ Դա ծովային փոկ էր։ Անսպասելի «փրկարարը» սկսեց լողալ ձկնորսի կողքով՝ նրան հրելով դեպի հարթակը։ Հինգ ժամ անց երկար ճանապարհորդությունը վերջապես ավարտվեց։ Սքոթի խոսքով այդ փոկն իր համար «հրեշտակ էր», որն ուղարկվել էր իրեն օգնելու համար։
Եբրայեցիներին ուղղված թղթում ասվում է, որ հրեշտակները «սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբր. 1․14)։ Հեղինակը գրում է Հիսուս Քրիստոսի մեծության մասին և նշում, որ հրեշտակները, անկախ նրանից, թե որքան հզոր և փառավոր են, գոյություն ունեն միայն մեր փրկության համար Նրա ծրագիրն իրականացնելու: Եվ Տեր Հիսուսը պահում է ամբողջ տիեզերքը «Իր զորության խոսքով» (հ․ 3):
Մեր շուրջը գոյություն ունի անտեսանելի իրականություն, որտեղ Աստված հրեշտակներ է ուղարկում՝ օգնելու նրանց, ովքեր ընդունել են Քրիստոսի Բարի լուրը։ Երբեմն մեր կյանքի գիշերները կարող են երկար թվալ, և մենք կարող ենք կասկածել՝ արդյո՞ք կկարողանանք շարունակել ճանապարհը։ Բայց Տերը միշտ տալիս է մեզ անհրաժեշտ օգնությունը, որը մեզ ուղղում է դեպի ճիշտ ճանապարհ։
Ի՞նչ անսպասելի օգնություն է Աստված ուղարկել մեզ։ Ինչպե՞ս կարող է Նա այսօր օգտագործել մեզ՝ ուրիշներին օգնելու համար։
Աղոթք – Գովաբանում եմ Քեզ, Արարի՛չ Աստված, որովհետև Դու ամեն ինչ պահում ես Քո Խոսքով։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հավիտյան կգովաբանեմ Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 66-67, Հռոմեացիներին 7