Ա Պետրոս 5. 6-11 Ուրբաթ | Օգոստոս 7
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Ա Պետր. 5-8
ԱՍՏՎԱԾ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է
Նախքան համաշխարհային ճանաչում ձեռք բերելը, մոնղոլ զորավար Չինգիզ խանը սպանեց իր հարազատ եղբորը՝ այդպիսով ամրապնդելով իր դիրքերը։ Իշխանությունը հաստատելուց հետո նա ստեղծեց Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունից էլ ավելի ընդարձակ կայսրություն։ Նրա տիրապետությունը ձգվում էր Ասիայի Խաղաղ օվկիանոսի ափերից մինչև Արևելյան Եվրոպա։ Չինգիզ խանը դաժան ու անողոք նվաճող էր, ով իր հետևից ամենուր թողնում էր մահ և ավիրվածություն։ Նրա կործանարար արշավանքներն իրենց մասշտաբով պատմության մեջ գրեթե հավասարը չունեն։
Այսօր մենք գործ ունենք մոնղոլական բանակից էլ ավելի սարսափելի թշնամու հետ՝ մեկի, ով ցանկանում է գերել և կործանել մեր հոգիները։ Պետրոս առաքյալը զգուշացնում է. «Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ. 5.8)։ Այս թշնամին խորամանկ է և վտանգավոր՝ ինչպես հզոր ու փորձառու մարտիկ։ Նա մեզնից շատ ավելի ուժեղ է։ Բայց հուսահատվելու կարիք չկա։ Հովհաննես առաքյալը գրում է. «…ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհ. 4.4)։ Խոսքը Սուրբ Հոգու մասին է։ Ուստի մենք չպետք է վախենանք մեր հոգիների թշնամուց։
Ապավինելով Սուրբ Հոգուն՝ մենք կարող ենք համոզված լինել, որ Աստված կպաշտպանի մեզ նրանից, ով փորձում է հաղթել և կործանել մեզ։ Մեր Աստված ամեն ինչից մեծ է։ Վստահենք Նրա խոստմանը, որ Նա կպահպանի մեզ ամեն տեսակ չարից։
Ի՞նչ իրավիճակներում ենք առավել զգացել, որ հոգևոր պայքարի մեջ ենք: Ինչպե՞ս ենք այդ իրավիճակում պահել մեր վստահությունն Աստծո հանդեպ։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ Դու ավելի զորեղ ես իմ բոլոր թշնամիներից և արդեն հաղթանակ ես տարել նրանց նկատմամբ։ Օգնի՛ր ինձ ապրել առանց վախի՝ վստահելով Սուրբ Հոգու օգնությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 72-73, Հռոմեացիներին 9. 1-15