Սաղմոսներ 31. 1-5, 7-13 Կիրակի | Օգոստոս 9
… զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ։ Սաղմ. 31.2
ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
«Գաղտնի կյանք» ֆիլմը պատմում է իրական մարդու՝ ավստրիացի գյուղացի Ֆրանց Եգերշտետերի կյանքի մասին, ով ապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ֆրանցը խորապես ցնցված էր նացիստների գործած վայրագություններից։ Նա հավատում էր, որ միայն Հիսուսն է Տերը, ուստի հրաժարվեց հավատարմության երդում տալ Հիտլերին, ինչի պատճառով բանտարկվեց։ Ֆիլմի ընթացքը ներկայացնում է այն տառապանքները, որոնք նա կրեց այդ համարձակ որոշման հետևանքով։
Ֆրանցի համագյուղացիները նրան արհամարհանքով էին վերաբերվում։ Բանտախցի մյուս կալանավորները ծաղրում էին նրա հավատքը, իսկ որոշ հոգևորականներ նույնիսկ նրան խելագար էին համարում։ «Աստծո համար կարևոր չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչ կա քո սրտում», - ասում է ֆիլմի հերոսներից մեկը՝ համոզելով Ֆրանցին ասել. «Հեյլ Հիտլեր» և այդպես փրկել իր կյանքը։ Զգալով, որ ուժերը սպառվում են՝ Ֆրանցն աղոթում էր. «Դու իմ ամրոցն ես և իմ ապավենը։ Տո՛ւր ինձ ուժ՝ մինչև վերջ Քեզ հետևելու»։
Սաղմոս 31-ը մի մարդու աղոթք է, ում կյանքին սպառնում էր հզոր և չար թշնամին։ «…զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ», - աղաչում էր Դավիթը (հ. 2)։ Նրա կյանքը լի էր տառապանքով և մարդկանց կողմից արհամարհանքով (հ. 4, 11), բայց նա, ի հեճուկս այդ ամենի, փափագում էր հավատարիմ մնալ Աստծուն (հ. 4-5)։ «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին», - աղոթում էր նա (հ. 5)։ Հետագայում հենց այս խոսքերն էլ Հիսուսն ասաց խաչի վրա (Ղուկ. 23.46)։
Աստված երբեք անարձագանք չի թողնում հավատարմությունը։ Ֆրանց Եգերշտետերը հավատարիմ մնաց մինչև վերջ։ Ինչպես Քրիստոսի դեպքում, այդ հավատարմությունն էլ կյանք արժեցավ։ Սակայն ինչպես Աստված հարություն տվեց Փրկչին, այնպես էլ մի օր հարություն կտա Ֆրանցին։
Ի՞նչ կարող ենք սովորել անցյալ դարերի նահատակների հավատարմությունից։ Ի՞նչ կարող ենք անել այսօր, որպեսզի փորձությունների ժամանակ հավատարիմ մնանք Աստծուն։
Աղոթք – Տե՛ր, Դու իմ ամրոցն ու ապավենն ես։ Զորացրո՛ւ ինձ, որ մինչև վերջ հավատարմորեն հետևեմ Քեզ, ինչ արժեք էլ դա ունենա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 77-78, Հռոմեացիներին 10