Երեմիայի Ողբերը 3. 19-26 Երկուշաբթի | Օգոստոս 10
Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Ողբ. 3.25
ՀՈՒՅՍԻ ԱՍՏՎԱԾ
Հոր հարբեցողության և մոր կոպիտ վերաբերմունքի պատճառով Պետրոսը դեռ պատանեկան տարիքում թողեց տունը։ Նա տեղափոխվեց հորեղբոր մոտ, ավարտեց դպրոցը, ամուսնացավ և ունեցավ երեք երեխա։ Սակայն, ցավոք, ժամանակի ընթացքում ինքն էլ սկսեց ապրել այն նույն կործանարար կյանքով, որից ժամանակին փախել էր։ Հարբեցողության և կոպիտ վարքի պատճառով նա շուտով կորցրեց ամեն ինչ՝ ընտանիքը, աշխատանքը և տունը։ «Իմ կյանքը սարսափելի էր և օրեցօր ավելի էր վատանում», - հիշում էր նա։
Ի վերջո նա օգնության համար դիմեց վերականգնողական կենտրոն։ «Ես կործանվում էի, բայց Աստված բացեց իմ առաջ փրկության դուռը», - կիսվում էր Պետրոսը։ Շուտով նրա կրտսեր դուստրը նկատեց հոր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները և հաշտվեց նրա հետ։ Այսօր Պետրոսը ջանում է վերականգնել նաև իր մյուս երեխաների վստահությունը։
Երեմիայի ողբերի գրքում մարգարեն սգում էր իր ժողովրդի ճակատագրի համար, քանի որ նրանք հեռացել էին Աստծուց և դրա պատճառով տարվել Բաբելոն։ «Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում», - աղոթում էր նա (Ողբ. 3.19-20)։ Ինչպես Հուդայի բնակիչները, այնպես էլ Պետրոսը, հեռացել էր Աստծուց։ Սակայն, ինչպես Երեմիան, նա նույնպես հույս գտավ Արարչի բարության մեջ. «Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը» (հ. 22-23)։
Անցան տարիներ, և իսրայելացիները վերադարձան իրենց հայրենի երկիրը։ Պետրոսը նույնպես կարողացավ նորովի սկսել իր կյանքը։ Դո՛ւ էլ կարող ես այսօր դիմել Տիրոջը, Նա հույսի Աստված է։
Որտե՞ղ ենք փնտրում հույս, երբ դժվարությունների ենք հանդիպում։ Ինչպե՞ս կարող ենք այսօր ավելի մոտենալ Աստծուն և վստահել Նրա խոստումներին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու ընդունում ես ինձ և ցանկանում ես միշտ մոտ լինել ինձ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 79-80, Հռոմեացիներին 11. 1-18