Ա Կորնթացիներին 6. 12-20 Երեքշաբթի | Օգոստոս 11
․․․ դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Ա Կորնթ․ 6․19-20
ԴԱՍ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՄԵՔԵՆԱՅԻՑ
Վերջերս ճանապարհորդում էի մի անծանոթ վայրում և ստիպված էի մեքենա վարձել։ Ճանապարհին հայտնվեցի նեղ փողոցում, որը լի էր մեքենաներով, մարդկանցով և նույնիսկ անասուններով։ Ստիպված էի շատ զգույշ վարել՝ գրեթե ամենացածր արագությամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև չէի ուզում վթարի պատճառ դառնալ, առավել ևս՝ վնասել վարձակալած մեքենան։ Ի վերջո, այն իմը չէր և ես այն միայն ժամանակավոր էի օգտագործում։ Հնարավոր է՝ այդ պատճառով մենք սովորաբար նախընտրում ենք լինել սեփականատեր, այլ ոչ թե վարձակալ։
Ճանապարհին անընդհատ մտածում էի, որ վարձակալած մեքենան ինչ-որ առումով նման է Աստծո հետ մեր հարաբերություններին։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր մարմինները, որոնք հաճախ համարում ենք մերը, իրականում մեզ չեն պատկանում։ Կորնթացիներին ուղղված առաջին թղթում Պողոս առաքյալը, խոսելով մեղքի և սրբության մասին, գրում է. «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթ. 6․19-20)։
Խոստովանում եմ՝ ինձ համար հեշտ չէ լիովին գիտակցել, որ իմ մարմինն իրականում ինձ չի պատկանում։ Սակայն Աստվածաշունչն այդպես է սովորեցնում։ Աստված մեզ կոչ է անում փառավորել Իրեն մեր մարմիններով, հոգ տանել դրանց մասին և հիշել, որ մենք ընդամենը տնտեսներ ենք, եթե կուզեք՝ ժամանակավոր օգտվողներ այն կյանքի և մարմնի, որ Նա մեզ է վստահել։ Դրանք մեզ տրվել են, որպեսզի ծառայենք Նրան, Ով Իր խոցված մարմնով և թափված արյամբ փրկություն շնորհեց մեզ։
Ի՞նչ ենք զգում, երբ գիտակցում ենք, որ մեր մարմինը կոչված է փառավորելու Աստծուն։ Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը փոխել մեր ապրելակերպը։
Աղոթք – Երկնային Հայր, շնորհակալ եմ Քեզ իմ մարմնի՝ այս հրաշալի պարգևի համար։ Օգնի՛ր ինձ իմ կյանքով և մարմնով փառավորել Քեզ՝ դրանք օգտագործելով մարդկանց ծառայելու և Քո կամքը կատարելու համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 81-83, Հռոմեացիներին 11. 19-36