.
2026թ., Օգոստոսի 15

Ելք 20. 8-17, 20-21                                                                                 Շաբաթ   |   Օգոստոս 15

 

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Ելք 20․12 

 

ԿՅԱՆՔ՝ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ՄԵՋ

 

Բրենդենի հայրը քաղցկեղով հիվանդ էր։ Նա ընդամենը հիսուն տարեկան էր։ Բրենդենը համոզեց իր ծնողներին տեղափոխվել իր մոտ, որպեսզի կարողանա հոգ տանել նրանց մասին։ Հայրը սիրում էր արևադարձային վայրերը, բայց այլևս չէր կարող ճանապարհորդել, ուստի Բրենդենը որոշեց ստեղծագործ մոտեցում ցուցաբերել։ Նա բակում լճակ փորեց, այնտեղ ձկներ լցրեց և քարերի վրայով գեղեցիկ հոսող ջրվեժ պատրաստեց։ Նա նաև երեք մեքենա  ավազ բերեց, տեղադրեց լուսավորություն և կառուցեց հովանոց, որպեսզի ստվեր ստեղծի։ Իր կյանքի վերջին օրերը հայրն անցկացրեց այս փոքրիկ «դրախտային անկյունում»։

Բրենդենի արարքն արտացոլում է այն ներդաշնակությունը ծնողների և երեխաների միջև, որի մասին Աստված խոսեց Ելից գրքում։ Մովսեսի միջոցով Նա իսրայելացիներին տվեց հետևյալ պատվիրանը․ «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ» (Ելք 20․12)։ Այս պատվիրանը բխում է առաջին չորս պատվիրաններից՝ սիրել և պատվել Երկնային Հորը (հ. 3-8), և կապում է դրանք հաջորդ հինգ պատվիրանների հետ, որոնք սովորեցնում են գնահատել մեր մերձավորներին՝ չսպանել, չշնանալ, չգողանալ, չստել և չնախանձել (հ. 13-17)։

Ոմանք բնականորեն և հեշտությամբ են պատվում իրենց ծնողներին։ Իսկ ուրիշների համար դա չափազանց դժվար է, քանի որ չափազանց շատ ցավ, անվստահություն և չբուժված հին վերքեր կան։ Սակայն այս ամենը մենք կարող ենք հանձնել Երկնային Հորը, Ով հասկանում է մեր ցավը։ Նա մեզ ուժ է տալիս՝ ապրելու Իր սիրո մեջ և սովորելու սիրել նույնիսկ դժվար իրավիճակներում։

 

Ինչպե՞ս ենք հասկանում ծնողներին պատվելու պատվերը։ Ի՞նչն է երբեմն դժվարացնում դա իրականացնել մեր կյանքում։             

 

Աղոթք – Երկնային Հա՛յր, ցույց տո՛ւր ինձ, թե ինչպես պատվել ուրիշներին, հատկապես այն ժամանակ, երբ դա դժվար է։ Օգնի՛ր ինձ նրանց հանդեպ ունենալ սեր, համբերություն և հարգանք։ Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 91-93, Հռոմեացիներին 15.1-13