.
Սուրբ Ծնունդը Հայաստանում եվ Արցախում

Քրիստոնյա աշխարհի ամենասիրելի և սպասված տոնը` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, սպասված ու սիրելի է նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) համար: ՀԱԵ-ն և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) տարիներ շարունակ տոնը յուրահատուկ են դարձնում Հայաստանի և Արցախի հազարավոր մանուկների ու պատանիների համար: Այս տարի 46 բնակավայրերում կազմակերպվեց Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված 75 միջոցառում, որոնց մասնակցեց մոտ 12.000 երեխա՝ ստանալով ոչ միայն Բարի Լուրը, այլև հատուկ Սուրբ Ծննդյան միջոցառումների համար նախապես պատրաստված նվերները:

Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ տարբեր էր Սուրբ Ծննդյան Բարի Լուրն ավետելու համար ընտրված ներկայացումն ու ժամանակը: Բայց գրեթե բոլոր միջոցառումները կազմակերպվել էին տեղական ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծառայողների և ԱՀԱԸ աշխատակիցների ջանքերով:

ՎԱՆԱՁՈՐ

Դեկտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին «Գիշերվա հրաշքը» ներկայացմամբ Վանաձորի ՀԱԵ ՔԴ ծառայողները Քրիստոսի հրաշափառ Ծննդյան մասին պատմեցին ավելի քան 1500 երեխայի: Ներկայացման հերոսները անտառի կենդանիներն էին, ովքեր պատրաստվում են նշել Սուրբ Ծնունդը և բացահայտում են այդ հրաշալի գիշերվա պատմությունը նաև կենդանիների աղմուկից արթնացած ու բարկացած արջուկի համար, ով ներկայացման ավարտին փոխվում է ու բոլորին իր տուն հրավիրում:  

ԳՅՈՒՄՐԻ

3 օր՝ դեկտեմբեր 21-ին, 22-ին և 23-ին լեփ-լեցուն դահլիճում Գյումրու ՀԱԵ-ն ներկայացրեց «Կորցրած ժամանակ» ալեգորիկ ներկայացումը: 1600 մանուկ ու պատանի, ցերեկն ու գիշերը լույսի և խավարի հետ համեմատության արդյունքում հասկացան, որ շատ հաճախ ամանորյա վազքի՝ պատրաստությունների,զարդարանքների ու այլ մանր ու մեծ բաների վրա կենտրոնանալով՝ կորցնում ենք Սուրբ Ծննդյան գլխավոր պատգամը՝ Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի ծնունդը: Բայց երբ Հիսուսը սկսում է գործել մարդու կյանքում, ժամանակը սկսում է ճիշտ աշխատել, և Քրիստոսին ընդունողը շահում է հավիտենական ժամանակը:

ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 23-ին Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումը, որին ներկա էին մոտ 300 երեխաներ ու պատանիներ։ Բարի Լուրն ավետվեց «Բեթլեհեմյան գիշեր» ներկայացումով։

ԻՋԵՎԱՆ

Իջևանում Սուրբ Ծննդյան միջոցառումները սկսվեցին Դեկտեմբերի 25-ին, առաջինը Բարի Լուրը լսեցին ԱՀԱԸ ցերեկային կենտրոնի սաները: Դեկտեմնբերի 26-ին Իջևանի ՀԱԵ ՔԴ ծառայողները սահմանամերձ Կիրանց գյուղում էին: Կիրանց և Աճարկուտ գյուղերի դպրոցականներին նրանք պատմեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան բարի լուրն ու նվերներ հանձնեցին: Դեկտեմբերի 28-ին «Հավիտենական Լույսը» կոչվող ներկայացմամբ Բարի Լուրն ավետվեց Իջևանի ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի և ԱՀԱԸ հովանավորված ընտանիքների մոտ 400 երեխաներին: Բեմադրությունը պատմում էր մարդկության հանդեպ Հիսուսի անսահման սիրո մասին, որն էլ Նրա ինքնակամ  զոհողության պատճառը դարձավ: 

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Դեկտեմբերի  25-ին  և  26-ին  Հիսուս  Քրիստոսի  Սուրբ  Ծննդյան  բարի  լուրը  տոնական միջոցառմամբ  ավետվեց  նաև  Ստեփանավանի  ՀԱԵ-ում։  Եկեղեցին մեկ հարկի տակ էր հավաքել ոչ միայն Ստեփանավան քաղաքի, այլև շրջակա գյուղերի շուրջ  600  երեխայի։ «Երեք զամբյուղ» կոչվող ներկայացման հերոսները սովորեցրին երեխաներին, որ Սուրբ Ծննդյան նվերներից ու ցանկություններից բացի, կարևոր է տեսնել միմյանց հոգսերն ու իրար օգտակար լինել՝ այդ կերպ փառաբանելով մանուկ Հիսուսին:

ԱՐՑԱԽ

Արցախում Սուրբ Ծննդյան բարի լուրը լսեց ավելի քան 1000 մանուկ և պատանի՝ իրենց ծնողների հետ միասին: Լուցկիներ վաճառող աղքատ աղջնակի պատմությունը, ով իր ջերմությունն ու մխիթարությունը գտնում է Աստծո մոտ՝ լսելով փոքրիկ Փրկչի Սուրբ Ծննդյան Բարի Լուրը, յուրահատուկ ներկայացում էր, որով Արցախի ՀԱԵ ՔԴ ծառայողներն ու դերակատար պատանիները դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը եղան Արցախի տարբեր շրջաններում: Միջոցառումները մեկնակրկեցին Դահրավում, որտեղ առաջին անգամ էր նման ծրագիր իրականացվում: Այնուհետև Սուրբ Ծննդյան Բարի Լուրն ավետվեց Կիչանում, Վազգենաշենում, Շուշիում, Ասկերանում և ավարտվեց Ստեփանակերտում:

ԱՅՆԹԱՓ, ՎԱՐԴԵՆԻՍ, ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այնթապի, Վարդենիսի, Թումանյանի ՀԱԵ ծառայողները նույնպես բեմադրել էին «Լուցկիներով աղջիկը» պատմության հիման վրա գրված «Հավիտենական լույսը» ներկայացումը: Եկեղեցու ծառայողները յուրովի էին մշակել պատմությունը: Նրանք հանդիսատեսին փոխանցեցին, որ մենք պետք է մոտ լինենք Հավիտենական լույսին՝ Հիսուս Քրիստոսին, ով աշխարհ եկավ մեզնից յուրաքանչյուրի համար:

ԱԲՈՎՅԱՆ

Աբովյանում ՀԱԵ ծառայողները Սուրբ Ծննդյան մասին պատմեցին հենց հունվարի 6-ին: «Սուրբ Ծնունդը Հրաշքավանում» վերնագրով բեմականացման հերոսները՝ երկու մկնիկները, գնում են Թագավորի համար երգելու, որպեսզի հարստանան: Բայց տարբեր արկածների մեջ ընկնելով՝ բացահայտում են Սուրբ Ծնունդի իրական իմաստը, և հասկանում, որ Թագավորը, ում սպասում են, և ում համար պետք է երգեն, Հիսուսն է:

ՍԻՍԻԱՆ

Նույն օրը՝ հունվարի 6-ին, տոնական տրամադրություն էր նաև Սիսիանի ՀԱԵ-ում, եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների ջանքերով կազմակերպված ներկայացումը Սուրբ Ծննդյան գիշերը երազանք պահել ցանկացող մի աղջնակի պատմությունն էր, ով սովորեցնում էր, որ մեր ցանկությունները պետք է լինեն Աստծո կամքին համեմատ՝ բարի, հաճելի և կատարյալ:  

ԱՐՄԱՎԻՐ

Արմավիրում միջոցառումները տեղի ունեցան հունվարի 11-ին, որին ներկա գտնվեցին շուրջ 700 արմավիրցիներ: Եկեղեցու ծառայողները և սաները հանդիսատեսին փոխանցեցին Սուրբ Ծննդյան պատգամը «3 զամբյուղ» ներկայացմամբ շեշտելով, որ երբ մենք ամեն անգամ թույլ ենք տալիս, որ Աստված մեր միջոցով սիրի ուրիշներին, Սուրբ Ծնունդը դառնում է իրականություն, թե՛ մեր և թե՛ իրենց կյանքում:

ԵՐԵՎԱՆ

Միջոցառումները եզրափակվեցին Երևանում: Բաղրամյան 18-ում ՀԱԵ և ԱՀԱԸ «Հայասա» թատերախումբը ևս ներկայացրեց Նունե Աբրահամյանի հեղինակած ու բեմադրած «3 զամբյուղ» ներկայացումը: Դեկտեմբերի 14-ին և 15-ին, ընդհանուր առմամբ 8 անգամ բեմ բարձրացած պատանիներն ու պրոֆեսիոնալ դերասանները մոտ 3500 հանդիսատեսի պատմեցին Սուրբ Ծննդյան մասին: «Բոլոր ցանկություններն Աստծո ձեռքերում են: Միայն Աստված գիտի՝ ինչն է մեզ համար լավագույնը: Մենք միայն պետք է աղոթենք, իսկ Աստված կտնօրինի». սա ներկայացման գլխավոր հերոսներից մեկի խոսքերն էին, որի տրամաբանությամբ էլ զարգանում էր ներկայացման սյուժեն:

Ներկայացումներ տեղի ունեցան նաև Ալավերդու, Արտաշատի, Բերդի, Գորիսի, Կապանի և Նոյեմբերյանի ՀԱԵ-ում:

Փրկչի Ծննդյան Ավետիսը լսող գրեթե բոլոր երեխաները տուն վերադարձան նաև նվերներով, որպես հիշեցում Աստծո սիրո, ողորմության ու հոգատարության մասին:

Նախորդ
...
X