.
2026թ., Օգոստոսի 26

Դանիել 6. 3-7, 9-11                                                                       Չորեքշաբթի   |   Օգոստոս 26

 

Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ Դան. 6.10

 

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Օսկար»-ի մրցանակակիր Դենզել Վաշինգտոնն մի անգամ խորհուրդ տվեց երիտասարդ դերասաններին օրը սկսել աղոթքով։ Դրա համար նա առաջարկեց մի պարզ, բայց հետաքրքիր սովորություն, որը կօգներ այն դարձնել առօրյայի մաս. «Երեկոյան ձեր կոշիկները դրեք մահճակալի տակ, որպեսզի առավոտյան դրանք վերցնելու համար անպայման ծնկի գաք»։

Աղոթքը մշտական սովորություն դարձնելու համար երբեմն մեծ ջանքեր և նույնիսկ ստեղծագործ մոտեցում է պահանջվում։ Դա արժեքավոր գործ է, որն աջակցել է Աստծո ժողովրդին պատմության ընթացքում, հատկապես դժվար ժամանակներում: Դրա վառ օրինակն է Դանիելի կյանքը։ Դարեհ թագավորի օրոք նա բարձր պաշտոն ստացավ, ինչը նախանձ առաջացրեց մյուս պաշտոնյաների մեջ (Դան. 6.3)։ Նրանք որոշեցին Դանիելին վնասել, սակայն հասկացան, որ նրա միակ «թույլ կողմը» Աստծո օրենքին հավատարմությունն է (հ. 5)։ Այդ պատճառով խորամանկությամբ համոզեցին թագավորին հրամանագիր ստորագրել, որն արգելում էր աղոթել։ Սակայն Դանիելը չհրաժարվեց իր սովորությունից. «նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր» (հ. 10)։

Դանիելի համար մշտական աղոթքը կենսական անհրաժեշտություն էր։ Աղոթքի միջոցով նա Աստծուց զորություն և խաղաղություն էր ստանում (Սաղմ. 29.11)։ Հենց դա էլ օգնեց նրան հաղթել բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին կործանել իրեն։ Նույն կերպ, եթե մենք կանոնավոր կերպով ժամանակ հատկացնենք Աստծո հետ հաղորդակցությանը և աղոթքը դարձնենք մեր կյանքի առաջնահերթությունը, մեր հարաբերություններն Աստծո հետ էլ ավելի կամրապնդվեն։ Այդ ժամանակ Աստված Իր զորությամբ կաջակցի մեզ ցանկացած փորձության ժամանակ։

 

Ինչպե՞ս է կանոնավոր աղոթքն օգնել մեզ դժվարությունների ժամանակ։ 

  

 

Աղոթք Տե՛ր, ամեն օր հիշեցրո՛ւ ինձ Քո անսպառ ողորմության մասին և լցրո՛ւ ինձ այն զորությամբ, որն անհրաժեշտ է հավատարմորեն հետևելու Քեզ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 119. 89-176, Ա Կորնթացիներին 8