Հակոբոս 4. 1-10 Հինգշաբթի | Օգոստոս 27
Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Հակ․ 4․7
ՈՐՏԵՂ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ
2018 թվականին մի մարդ քաղաքի հյուրանոցներից մեկում մեկ գիշեր անցկացնելու նպատակով համար էր ամրագրել։ Սակայն հաջորդ օրը նա չհեռացավ։ Ավելին՝ նա այդ հյուրանոցում շարունակեց ապրել ևս հինգ տարի՝ առանց որևէ վճար կատարելու։ Պարզվեց, որ նա բնակարանների վարձակալության վերաբերյալ օրենքում մի իրավական բաց էր գտել և կարողացել էր օգտվել դրանից։ Սակայն այս պատմությունը բարեհաջող ավարտ չունեցավ և դատապարտվեց ազատազրկման։
Ինչպես անցանկալի բնակիչը, ով նախատեսվածից ավելի երկար է մնում, այնպես էլ սատանան կարող է երկարատև ազդեցություն ունենալ մեր կյանքում, եթե մենք թույլ տանք նրան։ Հակոբոսը գրում է. «․․․դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակ. 4․7)։ Առաքյալն ընդգծում է, որ մեր ներքին հակամարտությունների պատճառը հաճախ մեր իսկ «ցանկություններն» են (հ. 1, 3), ինչպիսիք են հպարտությունը, ագահությունը և թշնամանքը։ Այս գայթակղությունները հաղթահարելու համար պետք է հնազանդվենք Աստծուն և դիմադրե՛նք սատանային (հ. 7)։ Աստծուն հնազանդվել նշանակում է մեր կյանքի բոլոր ոլորտները վստահել Նրան։ Իսկ սատանային դիմադրել նշանակում է ջերմեռանդորեն աղոթել, զգոն լինել և ամուր կառչել Աստծո Խոսքի իմաստությունից։
Ինչպես տանտերն է վտարում ապօրինի բնակվող վարձակալին, այնպես էլ մենք՝ Աստծո զորությամբ, կարող ենք դիմակայել գայթակղություններին և թշնամու ազդեցությանը։ Հակոբոսը վստահեցնում է՝ «նա ձեզանից կփախչի»։
Եթե մենք մերժում ենք մեղքն ու սատանայի ազդեցությունը և մոտենում ենք Տիրոջը, մեր սրտերը լցվում են Նրա խաղաղությամբ ու ուրախությամբ։ Թշնամին չի կարող մնալ այնտեղ, որտեղ թագավորում է Աստված։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր կյանքից հեռացնեք «անցանկալի բնակիչներին»։ Ինչպե՞ս է Աստծուն հնազանդվելն օգնում մեզ դիմակայել գայթակղություններին և չար ազդեցությանը։
Աղոթք – Ամենակարո՛ղ Տեր, օգնի՛ր կյանքիս յուրաքանչյուր ոլորտը Քեզ հանձնել, որպեսզի կարողանամ ամուր կանգնել թշնամու խորամանկությունների դեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 120-122, Ա Կորնթացիներին 9