.
2026թ., Օգոստոսի 28

Բ Թագավորների 23. 11-12                                                                 Ուրբաթ   |   Օգոստոս 28

 

․․․ [Սամման] կանգնեց  ագարակի մեջ… Բ Թագ․ 23․12 

 

ԱՍՏԾՈՒՑ ՏՐՎԱԾ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Կոպիտ ու անզիջում բնավորություն ունեցող տնօրենը պարբերաբար վիրավորում էր իր աշխատակիցներին։ Ոչ ոք չէր համարձակվում նրան հակառակվել, քանի որ բոլորը վախենում էին նրանից, այդ թվում նաև Կառլը։ Սակայն մի օր, երբ տնօրենը հերթական անգամ խիստ հանդիմանեց նոր աշխատակցուհուն, և նա արտասվեց, Կառլը որոշեց միջամտել ու պաշտպանել նրան։ 

«Ես նրան ասացի, որ նա սխալ է վարվում և վատ է վերաբերվում մարդկանց,- հիշում է Կառլը,- տնօրենը շփոթվեց և լռեց։ Հավանաբար, դա առաջին դեպքն էր, երբ ինչ-որ մեկը համարձակվեց հակառակվել նրան։ Դրանից հետո նա չփոխվեց, բայց ես ուրախ եմ, որ համարձակվեցի բարձրաձայնել»։ 

Աստվածաշունչը պատմում է մեկ մարդու մասին, ով ընդունեց դժվարին մարտահրավեր։ Նրա անունը Սամմա էր։ Նա Դավիթ թագավորի զորավարներից մեկն էր։ Աստված նրան օգտագործեց թշնամու ներխուժումը հետ մղելու համար։ «Փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից» (Բ Թագ. 23․11)։ Սակայն մեր հերոսը որոշեց պաշտպանել բերքը։ Մի ամբողջ բանակի դեմ միայնակ կանգնելը նշանակում էր վտանգել իր կյանքը, բայց Սամման «կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն» (հ. 12)։ 

Աստված օգնեց նրան հաղթել փղշտացիներին (հ. 12)։ Այդ արտում նա միակ իսրայելացին էր, սակայն իրականում միայնակ չէր, Տերը պահպանեց քաջարի զինվորին և նրան մեծ հաղթանակ պարգևեց։ Կյանքում երբեմն լինում են պահեր, երբ մենք նույնպես պետք է ընդունենք այնպիսի մարտահրավեր, որից ուրիշները խուսափում են։ Սամմայի օրինակին հետևելով՝ վստահե՛նք Արարչի օգնությանը և կատարենք այն, ինչ Նա մեզ պատվիրում է։

 

Ի՞նչ մարտահրավերի առաջ ենք կանգած այսօր։ Ինչպե՞ս կարող ենք ապավինել Տիրոջը և ստանալ Նրա օգնությունը։ 

 

Աղոթք Երկնայի՛ն Հա՛յր, տո՛ւր ինձ քաջություն՝ ամուր կանգնելու Քո ճշմարտության և կամքի համար։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 123-125, Ա Կորնթացիներին 10. 1-18