.
2026թ., Օգոստոսի 30

Փիլիպպեցիներին 4. 15-19                                                                   Կիրակի   |   Օգոստոս 30

 

Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Փիլ․ 4․19

 

ԱՍՏԾՈ ԱՌԱՏ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

2024 թվականին ջրհեղեղը գրեթե ամբողջությամբ ավիրեց մի փոքրիկ քաղաք։ Դրանից հետո տեղի եկեղեցու հովիվը մի ուշագրավ օրինաչափություն նկատեց։ Ամեն անգամ, երբ որևէ բանի անհրաժեշտություն էր առաջանում, դրա լուծումը կարծես ինքնաբերաբար հայտնվում էր։ Անհրաժե՞շտ էր հեռախոսները լիցքավորել, հանկարծ մի մարդ գեներատորով գալիս էր և եկեղեցու մոտ լիցքավորման կետ էր բացում։ Պե՞տք էր խմելու ջուր, անսպասելիորեն մի քանի տասնյակ արկղ ջրով լի շշեր էին հասնում։

 Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ պատահականություններ չեն լինում։ Աշխարհը գտնվում է իր Արարչի հոգատար առաջնորդության ներքո։ «Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով», - գրում է Պողոս առաքյալը (Փիլ. 4․19)։ Ինչպե՞ս կարելի է լրացնել մի քաղաքի «ամեն կարիքը», որը գրեթե ամբողջությամբ ավիրվել է տասը մետրանոց ջրհեղեղի ալիքից։ Սակայն Պողոսը, ով այս խոսքերը գրել էր բանտից, լավ գիտեր, թե ինչպես է գործում Աստծո նախախնամությունը։ 

Դիմելով Փիլիպպեի եկեղեցուն՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց նրանց ուղարկած օգնության համար։ Նրանցից բացի՝ ոչ ոք նրան չաջակցեց (հ. 15)։ Սակայն Աստված օգտագործեց փիլիպպեցիներին՝ նրա կարիքները լրացնելու համար։ Նա նաև մեզ է ապահովում «Իր հարստության համաձայն»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մեզ օրհնել է «ամեն հոգևոր օրհնությամբ» (Եփես. 1․3)։ Փրկությունը, ճշմարտությունը, ուրախությունն ու խաղաղությունը Նրա բազմաթիվ պարգևներից ընդամենը մի քանիսն են։ Եվ Իր բարությամբ Նա կարող է մեզ ուղարկել նույնիսկ հեռախոսի համար անհրաժեշտ էլեկտրականություն կամ մի շիշ ջուր, երբ դրա կարիքը լինի։ Մեր Տերը հոգատար է և առատաձեռն։

 

Ի՞նչ խնդրանքներ ենք այսօր բերում Աստծո առաջ։ Ինչպե՞ս ենք տեսնում Նրա առատաձեռնությունն ու սերը մեր կյանքում։

 

Աղոթք Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո բարությամբ և անսահման հարստությամբ հոգում ես իմ հոգևոր ու նյութական բոլոր կարիքները։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 129-131, Ա Կորնթացիներին 11. 1-16