Հուդա 1. 20-23 Կիրակի | Սեպտեմբեր 6
Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ … ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։ Հուդա 1․22-23
ՊԱՅՔԱՐԵ՛Ք ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ
Քսանյոթամյա ուսանողուհուն, ով սովորում էր Ճապոնիայում, մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ ստիպված եղան փրկել Ֆուձի լեռան վրա։ Առաջին վերելքի ժամանակ վտանգավոր պայմանների պատճառով նրան օդային ճանապարհով տարհանեցին։ Սակայն պարզվեց նա լեռան վրա էր թողել իր հեռախոսն ու մյուս իրերը։ Չորս օր անց, անտեսելով նախազգուշացումները, նա կրկին բարձրացավ լեռը, և այս անգամ նրան նորից ստիպված եղան փրկել՝ լեռնային հիվանդության պատճառով։ Այս պատմությունը հայտնվեց լրատվամիջոցների գլխավոր վերնագրերում։
Այս միջադեպն արտացոլում է հոգևոր տխուր մի իրականություն. մենք հաճախ ձգտում ենք վերադառնալ այն ամենին, ինչից Աստված արդեն փրկել է մեզ։ Հուդան այս մասին գրում է իր կարճ նամակում, որն ուղղված էր այն եկեղեցիներին, որոնց սպառնում էին կեղծ ուսուցիչներն ու մեղավոր գայթակղությունները։ Հուդան հորդորում էր ընթերցողներին «պայքարել հավատի համար» (h. 3)՝ պայքարելով ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար։ Նա կոչ էր անում «կրակից խլել» (h .23) նրանց՝ ակտիվորեն պաշտպանել կեղծ ուսուցիչների ազդեցության տակ հավատքի մեջ տատանվողներին։ Եթե մենք իսկապես հետևում ենք Քրիստոսին, չենք կարող պարզապես մի կողմ կանգնել և անտարբեր հետևել, թե ինչպես են ուրիշներն ընկնում ու կործանվում։
Այսօր Աստված մեզ կոչ է անում ոչ միայն ինքներս չվերադառնանք այն ճանապարհներին, որոնցից Նա մեզ դուրս է բերել, այլև օգնել ուրիշներին փրկվելու և կանգուն մնալու։ Նրա շնորհը կրկին կարող է փրկել մեզ, բայց միևնույն ժամանակ, Նա մեզ հրավիրում է ապրել նորոգված կյանքով։ Ուստի Աստծո զորությամբ ամուր կանգնենք հավատի մեջ և օգնե՛նք նաև ուրիշներին զորանալու ու աճելու դրանում (հ. 20)։
Ինչպե՞ս կարող ենք ողորմած լինել այն հավատացյալների հանդեպ, ովքեր կասկածներ ունեն։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր պայքարել հավատքիս համար և աջակցել նրանց, ովքեր նույն ընթացքի մեջ են։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 148-150, Ա Կորնթացիներին 15. 29-58