Փիլիպպեցիներին 1. 27, 2. 1-4 Երեքշաբթի | Սեպտեմբեր 8
․․․հաստատուն եք մեկ հոգով․․․ Փիլ․ 1․27
ԻՆՉՊԻՍԻ՛ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ռեյչելը երեք տարի շարունակ տարբեր եկեղեցիներ էր հաճախում, մինչև գտավ Աստվածաշնչի սերտողության մի խմբակ, որը նրան տվեց այն, ինչը չէր կարող գտնել սովորական եկեղեցական հավաքույթներում՝ համայնքի միաբանության զգացումը։ Ռեյչելը խուլ էր։ Ամբողջ աշխարհում նրա նման մարդիկ բախվում են նմանատիպ դժվարությունների։ Տնային եկեղեցին, որտեղ հայտնվեց Ռեյչելը, ստեղծում էր միասնության և փոխադարձ աջակցության մթնոլորտ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մասնակիցները YouTube-ով դիտում էին խուլերի համար նախատեսված աստվածաշնչյան ծառայությունը, քննարկում տեսածը, ապա կիսվում հյուրասիրությամբ։ Այս փոքրիկ խումբը Ռեյչելի համար դարձավ այն հոգևոր ընտանիքը, որի մասին նա միշտ երազել էր։
Պողոս առաքյալը գրեց, որ եկեղեցին իսկական համայնք է դարձնում Հոգու միասնությունը: Դրա համար նա համառորեն հորդորում էր փիլիպպեցիներին միաբան լինել՝ ձգտելով ամրապնդել իր հիմնադրած և Քրիստոսի սիրով լցված համայնքը:
«[Հաստատուն] մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար», - գրում էր Պողոսը։ «Եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն… ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով» (Փիլ. 1․27, 2․1-2)։
Եսասիրությունը վնասում է հավատացյալների միասնությանը։ Ուստի առաքյալը հորդորում էր՝ «խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս» (հ. 3-4)։ Այս իմաստուն խոսքերը տեղին են յուրաքանչյուր եկեղեցու համար։ Սուրբ Հոգու զորությամբ մենք բոլորս կարող ենք ծառայել Աստծուն՝ միմյանց հետ ներդաշնակ միասնության մեջ։
Ինչպե՞ս է Տերը գործում մեր կյանքում։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ամրապնդել մեր եկեղեցու անդամների միջև հաղորդակցությունն ու միասնությունը։
Աղոթք – Տե՛ր, այս աշխարհում, որտեղ այնքան քիչ սեր կա, ներշնչի՛ր ինձ հետևելու Քո առաջնորդությանը և իմ մասնակցությունն ունենալու այնպիսի եկեղեցու կառուցման գործում, որն արտացոլում է Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 3-5, Բ Կորնթացիներին 1