Սաղմոսներ 30. 1-13 Ուրբաթ | Սեպտեմբեր 11
․․․գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։ Սաղմ․30․5
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ
Թափվող ջրի ձայնը հաստատեց, որ հասել եմ Նյու Յորքի՝ Սեպտեմբերի 11-ի հուշահամալիրի ավազաններին՝ մի վայր, որից երկար ժամանակ խուսափում էի՝ վախենալով 2001 թվականի այդ ողբերգական օրվա հետ կապված ցավալի հիշողություններից։ Ես շրջեցի այնտեղ գտնվող երկու մեծ ավազանների շուրջը, որոնք կառուցված են այն վայրում, որտեղ ժամանակին կանգնած էին երկվորյակ աշտարակները։ Աչքերս արցունքներով լցվեցին, երբ տեսա զոհերի անունները, որոնք փորագրված էին պատերին, և վարդերը, որ նրանց հարազատներն էին թողել։
Սեպտեմբերի 11-ի այդ առավոտ ես Նյու Յորքում էի, թեև, բարեբախտաբար, Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ չէի։ Սակայն, քանի որ մեծացել էի այդ վայրից ոչ հեռու, այդ ողբերգությունն ապրեցի այնպես, կարծես այն ինձ հետ էր պատահել։ Այժմ վերջապես կանգնած էի «զրոյական կետում», սակայն ոչ վախ էի զգում, ոչ էլ հուսահատություն։ Ես խաղաղություն էի զգում և մտածում Աստծո մխիթարող ու զորացնող շնորհի մասին։ Դա Արարչի պարգևն էր, Ով գիտի, թե ինչպես մխիթարել մեզ։
Սաղմոսները կարդալիս տեսնում ենք ոչ միայն դրանց հեղինակների վիշտը, վախն ու ցավը, այլև Աստծո մխիթարությունը։ Սաղմոս 30-ում Դավիթը գրում է․ «Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ․.. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն ... Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ» (Սաղմ. 29․2, 5, 12)։
Երբ վիշտը ծանրանում է մեր սրտին և թվում է, թե այլևս ուժ չունենք, եկե՛ք ապավինենք ամեն մխիթարության Աստծուն։ Նա երբեք հեռու չէ սրտով կոտրվածներից։ Շնորհակալությամբ փառաբանե՛նք Նրան, ինչպես Դավիթը. «․․․Ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ» (Սաղմ. 29․13)։
Մեր կյանքում ե՞րբ ենք առանձնահատուկ կերպով զգացել Աստծո մխիթարող ներկայությունը։ Ինչպե՞ս կարող ենք այսօր բացել մեր սիրտը Նրա մխիթարության առաջ։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ, որ մխիթարում ես ինձ և Քո սիրով զորացնում սիրտս: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 10-11, Բ Կորնթացիներին 4