.
2026թ., Սեպտեմբերի 12

Բ Թեսաղոնիկեցիներին 3․11-18                                                    Շաբաթ   |   Սեպտեմբեր 12

 

Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Բ Թես․ 3․16

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈւՆ

 

Ես գրեթե հասել էի մեքենայի մոտ, երբ հանկարծ հնչեց ծանոթ ու սուր մի ձայն․ «Հայրի՛կ»։ Միթե՞ ինձ էր կանչում։ Չէ՞ որ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսել էի, թե ինչպես էր փոքրիկ տղաս մտնում դպրոցի շենքը։ Եվ այո՛, հենց նա էր։ Փոքրիկը միջանցքով քայլելիս հանկարծ նկատել էր, որ ձեռքին խաղալիք է մնացել։ Իսկ դպրոց խաղալիք բերել չէր կարելի։ Խուճապահար նա անմիջապես հետ էր վազել՝ հույս ունենալով, որ ես դեռ չէի հասցրել հեռանալ։

Իհարկե, վերցրի խաղալիքը և խոստացա, որ այն տանը կսպասի իրեն։ Բայց տղայիս անմիջապես հետ չուղարկեցի դպրոց։ Թեև խնդիրը լուծված էր, ես տեսնում էի, թե որքան էր փոքրիկս հուզվել․ նա դողում էր, աչքերը լցված էին արցունքներով։ Նրան մի փոքր ժամանակ էր պետք ինձ հետ լինելու, հանգստանալու և իրեն ապահով զգալու համար։ 

Թեսաղոնիկեի քրիստոնյաներն անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունեին։ Նրանց առջև ծառացած դժվարություններից էին կեղծ ուսմունքները (Բ Թես. 2․2) և համայնքի որոշ անդամների անկարգ վարքը (Բ Թես. 3.11)։ Սակայն Պողոսը, դիմելով նրանց, իր նամակը չի ավարտում այն խոստումով, թե բոլոր դժվարությունները շուտով կանցնեն։ Փոխարենը նա աղոթում է, որ եկեղեցին ստանա մի առանձնահատուկ պարգև՝ «Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա» (հ. 16)։ 

Մենք խաղաղությամբ ենք լցվում ոչ այնքան հանգամանքների փոփոխության, որքան Քրիստոսին մոտ լինելու շնորհիվ, Ով Ինքն է «խաղաղության Տերը»։ Խաղաղությունն Անձ է, ոչ թե բարելավված հանգամանքներ, իրադարձություններ կամ փոփոխություններ։ Երբ անհանգստությունը պատում է մեզ, Նա հորդորում է ոչ միայն աղոթքով լուծում փնտրել, այլև Իր ներկայության մեջ գտնել իսկական հանգստություն ու խաղաղություն։

 

Կյանքի ո՞ր իրավիճակում ենք այսօր առավել կարիք զգում Աստծո խաղաղության։ Երբ մեր սրտում խաղաղություն չկա, ի՞նչն է օգնում ավելի երկար մնալ Քրիստոսի հետ և չշտապել վերադառնալ առօրյա հոգսերի ու իրարանցման մեջ։  

 

Աղոթք Տե՛ր Հիսուս, Դո՛ւ ես իմ խաղաղությունը։ Խաղաղեցրո՛ւ սիրտս և օգնի՛ր միշտ հիշել, որ Քո ձեռքերում եմ։  Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակաց 13-15, Բ Կորնթացիներին 5