Առակներ 16. 20-25 Կիրակի | Սեպտեմբեր 13
Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ Առ․ 16․25
ՄԱՀԱՑՈՒ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
Մի պահ բարձր թխկոցով ինչ-որ բան հարվածեց այն դասարանի պատուհանին, որտեղ ես դասավանդում էի։ Աշակերտները վախեցած վեր թռան իրենց տեղերից։ Մի քանի վայրկյան անց հարվածը կրկնվեց։ Պարզվեց՝ մի թռչուն ամբողջ արագությամբ բախվում էր ապակուն, հետ շպրտվում, կրկին թափ էր հավաքում և նորից կատարում իր մահացու «հնարքը»։ Հետագայում կարդացի, որ միայն Մեծ Բրիտանիայում ամեն տարի մոտ երեսուն միլիոն թռչուն է այդպիսի սարսափելի եղանակով սատկում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանք ապակու արտացոլանքի մեջ տեսնում են բուսականություն և թռչում դեպի այն՝ կարծելով, թե այնտեղ կարող են սնունդ գտնել կամ բույն կառուցելու համար նյութ հավաքել։ Երբեմն նրանք իրենց իսկ արտացոլանքն են տեսնում և այն ընկալում որպես մրցակից, որին պետք է վռնդել։ Թռչունները վստահ են, որ ամեն ինչ պարզ տեսնում են, բայց իրականում մոլորված են։
Վտանգավոր է կարծել, թե մենք ամեն ինչ ճիշտ ենք ընկալում, և սեփական կյանքի վերաբերյալ մեր տեսակետը միշտ ճիշտ է։ Իրականում կյանքը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաիմաստուն մարդիկ կարող են ողբերգական ձևով մոլորվել։ «Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է» (Առ. 16․25)։ Շատ հաճախ մեր ընկալումը խեղաթյուրված է: Իրականությունն այն է, որ նույնիսկ մեր լավագույն դատողությունը լի է սխալներով: Ամենաթափանցիկ տեսարանը մնում է ամպամած, անկատար և երբեմն կործանարար:
Ահա թե ինչու ենք մենք Աստծո իմաստության կարիքը զգում (հ. 20-21)։ Մենք կարիք ունենք Նրա, Ով կարող է լուսավորել մեր սրտերը և ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհը, Ով կարող է մեզ դուրս բերել մահացու մոլորություններից և առաջնորդել դեպի լիարժեք կյանք։
Ո՞ր մոլորությունն է մեր կյանքում ցավալի հետևանքների հանգեցրել։ Ի՞նչ քայլեր կարող ենք անել՝ Աստծուց եկող իմաստությունը ձեռք բերելու և Նրա առաջնորդությամբ ճիշտ ճանապարհով ընթանալու համար։
Աղոթք – Տե՛ր, Քո իմաստության կարիքն ունեմ։ Ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որը մոլորության խավարից տանում է դեպի լիարժեք կյանք՝ Քո լույսի մեջ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 16-18, Բ Կորնթացիներին 6