Ելք 2. 23-25, 3. 7-10 Երկուշաբթի | Սեպտեմբեր 14
Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին․․․ նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Ելք 2․23
ԱՍՏՎԱԾ, ՈՎ ՕԳՆՈՒՄ Է
Մայն իր իննամյա որդուն տանում էր ամառային ճամբար, սակայն ճանապարհին սխալ շրջադարձ կատարեց և հայտնվեց անտառային մի ճանապարհի վրա, որտեղ մեքենան կանգ առավ, և այլևս հնարավոր չէր շարունակել ճանապարհը։ Այդ մեկուսի վայրում ո՛չ հեռախոսն էր աշխատում, ո՛չ էլ առցանց ուղեցույցը, և մայրն ու որդին չգիտեին՝ ինչ անել։ Մեքենայում ավելի քան մեկ օր մնալուց հետո նրանք որոշեցին ոտքով ճանապարհ ընկնել՝ չիմանալով, թե ուր կհասնեն։ Ճանապարհին կինը գրություններ էր թողնում՝ «Օգնե՛ք։ Ես ու որդիս կապի միջոց չունենք և չենք կարող օգնություն կանչել»։ Միևնույն ժամանակ, ճամբարի աշխատակիցները, նկատելով, որ ինչ-որ բան այն չէ, դիմեցին որոնողափրկարարական ծառայությանը։ Շատ չանցած՝ փրկարարները հայտնաբերեցին մեքենան և թողած գրությունները, ապա արագ գտան նաև մոլորված մորն ու որդուն։
Իսրայելացիները հուսահատորեն աղաղակում էին Աստծուն՝ օգնություն խնդրելով, որովհետև եգիպտացիները դաժանորեն ճնշում էին նրանց և տանջում «ծանր աշխատանքներով» (Ելք 1․11-14)։ Այդ խեղճ ստրուկները, անկասկած, մտածում էին՝ արդյոք ընդհանրապես կկարողանա՞ն գոյատևել այդպիսի ծանր լծի տակ։ Սակայն Աստված լսեց նրանց աղաղակը և ուղարկեց՝ Մովսեսին (Ելք 3․4-10)։ Այնուհետև Տերն Իր հզոր ձեռքով Իր ժողովրդին դուրս բերեց ստրկության երկրից (Ելք 14-15)։
Եթե երբևէ մեզ թվա, թե մոլորվել ենք, հիշե՛նք՝ Աստված միշտ մեր կողքին է։ Նրա ականջը բաց է մեր աղաղակի առաջ, Նա լսում է մեր խնդրանքները և Իր ժամանակին կուղարկի մեզ անհրաժեշտ օգնությունը։
Ինչպե՞ս կարող ենք սովորություն դարձնել՝ Աստծուն դիմել ամեն կարիքի ու դժվարության ժամանակ։ Ի՞նչ աղաղակ է այսօր բարձրանում մեր սրտից դեպի Նա։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ։ Ես միշտ Քո ողորմության կարիքն ունեմ։ Քեզ եմ հանձնում այն ամենը, ինչ ծանրացնում է սիրտս։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 19-21, Բ Կորնթացիներին 7