Հովհաննես 11. 17-27 Չորեքշաբթի | Սեպտեմբեր 16
Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հովհ․ 11․26
ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Անգլիայի հարավում Քեյթ անունով երկու կին հիմնել էր «Դագաղի ակումբ» կազմակերպությունը։ Ակումբի նպատակն էր օգնել մարդկանց պատրաստվել մահվանը՝ ընտրելով և զարդարելով սեփական դագաղը։ Կազմակերպիչներից մեկը տասներեք տարեկանում կորցրել էր հորը։ «Դա սարսափելի էր, - հիշում էր նա։ - Ոչ ոք չէր ցանկանում խոսել մահվան մասին»։ Այժմ նրանք օգնում էին ակումբի անդամներին հաշտվել այն իրողության հետ, որի միջով մի օր անցնելու է յուրաքանչյուր մարդ։
Հուղարկավորության հետ կապված իրերի հետ հաճախ առնչվելն ու մահվան մասին խոսելը կարող են օգնել նվազեցնել մահվան հանդեպ վախը։ Սակայն նրանց համար, ովքեր սիրում են Տեր Հիսուսին և ծառայում Նրան, վախի դեմ կա ավելի զորավոր միջոց։ Դա տեսնում ենք այն խոսակցության մեջ, որ Հիսուսն ունեցավ Մարթայի հետ նրա եղբոր մահից հետո։ Տերը խոստացավ, որ Ղազարոսը «հարություն կառնի» (Հովհ. 11․23)։ «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի», - ասաց Նա (հ. 25-26)։ Մարթան պատասխանեց հավատքի իր հիշարժան խոստովանությամբ՝ Հիսուսին ճանաչելով որպես Քրիստոս և Աստծո Որդի (հ. 27)։ Նա հավատաց։
Սեփական դագաղը զարդարելը ճաշակի հարց է։ Սակայն մեզնից յուրաքանչյուրը կարող է պատրաստվել մահվան՝ իր հույսը դնելով Աստծո վրա և վստահելով այն փրկությանը, որը Քրիստոսը պարգևեց մեզ։ Վստահությունը, որ մահից հետո էլ շարունակելու ենք ապրել, իսկական մխիթարություն, հույս և խաղաղություն է պարգևում։ Եկե՛ք միանանք Մարթային՝ հավատալով, որ Տեր Հիսուսն է մեր Մեսիան և Փրկիչը։
Ի՞նչ ենք մտածում նման ակումբի գաղափարի մասին։ Իսկ ի՞նչ կարող ենք անել այսօր՝ Քրիստոսի հետ հավիտենական կյանքի ուրախությունը տոնելու և այն գնահատելու համար։
Աղոթք – Տե՛ր, Դո՛ւ ես իմ Փրկիչը մեղքից ու մահից։ Օգնի՛ր ինձ ապավինել Քեզ այսօր և միշտ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 25-26, Բ Կորնթացիներին 9