Նեեմիա 4. 6-14 Հինգշաբթի | Սեպտեմբեր 17
․․․մենք չենք կարողանում պարիսպը շինել․․․ հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը․․ Նե․ 4․10,14
ՆԱՅԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ
Էլիզան զգում էր, թե ինչպես է իր ներսում խուճապը գնալով ուժեղանում։ Գրքի մակետը պետք է պատրաստ լիներ հաջորդ օրվա համար, սակայն տպարանը մերժել էր նրա լուսանկարները։ Դրանք շտկելու համար գուցե մի քանի օր պահանջվեր։
- Մի՛ անհանգստացիր, սիրելի՛ս, - ասաց նրա ամուսինը՝ Սեմը։ Արի՛ Աստծուց օգնություն խնդրենք, հետո էլ ամբողջ գիշեր կաշխատենք։ Կա մի ծրագիր, որը կարող է արագ շտկել լուսանկարները։
Նրանք աղոթեցին, և Էլիզան զգաց, թե ինչպես է սրտում վստահություն ու խաղաղություն հաստատվում։ «Պարզապես նայի՛ր Աստծուն», - ասաց նա ինքն իրեն։ Աստծո խաղաղությունը սրտում ունենալով՝ նա սկսեց աշխատել և հասցրեց ավարտել մինչև վերջնաժամկետը։
Աշխատելիս՝ Էլիզան հիշեց այն դժվար խնդրի մասին, որի առջև կանգնած էին իսրայելացիները՝ վերականգնել քաղաքի պարիսպը (Նեեմ. 4)։ Եվ կարծես դա դեռ բավական չէր, թշնամիները փորձում էին խափանել նրանց աշխատանքը։ Նրանք ծաղրում էին իսրայելացիներին և դավեր էին նյութում նրանց դեմ։ Սակայն Նեեմիան ժողովրդին հորդորում էր նայել Աստծուն։ «․․․ հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը», - կոչ արեց նա հրեաներին (հ. 14)։ Այնուհետև նա տղամարդկանց հանձնարարեց կառուցել և պահպանել պարիսպը, իսկ հրամանատարները կանգնած էին նրանց ետևում (հ․ 16): «Մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար», - ասաց Նեեմիան:
Երբ մեր առջև դժվարություններ կամ բարդ խնդիրներ են ծառանում, եկե՛ք նայենք Աստծուն և օգնության ու զորության համար դիմենք Նրան։ Աղոթե՛նք իմաստության համար, փնտրե՛նք լուծումներ, կատարե՛նք անհրաժեշտ քայլերը և արդյունքը վստահե՛նք Աստծուն՝ ինչպիսին էլ այն լինի։
Ի՞նչ դժվարին խնդիրների առջև ենք այսօր կանգնած։ Ի՞նչը կարող է օգնել մեզ մեր հայացքը հաստատուն պահելու Աստծո վրա։
Աղոթք – Ամենազոր և սիրող Աստվա՛ծ, որքան էլ մեծ լինեն իմ առջև ծառացած խնդիրները, ես գիտեմ, որ կարող եմ ապավինել Քո օգնությանն ու զորությանը։ Սովորեցրո՛ւ ինձ միշտ վստահել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 27-29, Բ Կորնթացիներին 10