Փիլիպպեցիներին 3․12-21 Կիրակի | Սեպտեմբեր 20
Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին։ Փիլ․3․20
ՄԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԱՓԱՌԱԿԱՆՆԵՐ ԵՆՔ
Օդանավակայանները կարող են և՛ ուրախություն, և՛ անհանգստություն առաջ բերել: Սկզբում անցնում ես գրանցման և անվտանգության ստուգման սթրեսային փուլերով, իսկ հետո հանգստանում ու սպասում, մինչև կհայտարարեն չվերթի մասին։ Ես թռիչքից չեմ վախենում և հաճույքով եմ ինքնաթիռ բարձրանում՝ անձնագիրս ու նստեցման կտրոնը ձեռքիս։
Սակայն ամենամեծ լարվածությունն ինձ սպասում է օտար երկիր հասնելուց հետո։ Այնտեղ ես քաղաքացի չեմ, այլ՝ օտարերկրացի։ Ներգաղթի ծառայության աշխատակիցները խիստ կասկածամտորեն նայում են ինձ և հարցեր տալիս, որոնց պատասխանելիս անհանգստանում եմ։ Իսկ տուն վերադառնալը բոլորովին այլ զգացողություն է։ Անձնագրիս մի արագ հայացք, երբեմն՝ մի ժպիտ, և ինձ առանց որևէ հարցի ներս են թողնում, ու ես տանն եմ։
Կյանքը նման է օդանավակայանի՝ մի վայրի, որտեղ մենք ժամանակավորապես կանգ ենք առնում, բայց չենք հաստատվում։ Շատերը կարծում են, թե այս կյանքն է մեր վերջնական հանգրվանը։ Պողոսը նույնիսկ ասում է․ «Շատերը… ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ … նրանք երկրային բաներն են մտածում» (Փիլ. 3․18-19)։ Սակայն այնուհետ նա ավետում է բարի լուրը․ «Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին» (հ. 20)։
Ոչ ոք չի ապրում օդանավակայանում, և ոչ ոք էլ հավիտյան չի մնա այս երկրի վրա։ Մի օր Տերը մեզ տուն՝ մեր իսկական հայրենիք, կտանի (հ. 14)։ Նա «մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի» (հ. 21)։ Եվ քանի որ մենք երկնքի քաղաքացիներ ենք, այնտեղ մեզ կընդունեն առանց որևէ անձնագրային ստուգումների։
Ինչպե՞ս է մեզ զորացնում այն միտքը, որ այս երկրային կյանքը ժամանակավոր է, իսկ մեր իսկական հայրենիքը երկնքում է։ Ի՞նչին ենք ամենից շատ սպասում երկնային կյանքում։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո խաչի զոհի շնորհիվ ինձ հնարավորություն ես տվել մի օր Քեզ հետ լինել երկնքում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ժողովող 4-6, Բ Կորնթացիներին 12