Սեպտեմբերի 11-ից 14-ը Երևանում անցկացված մի շարք գիտական նախաձեռնություններ Բեյրութի Հայկազյան համալսարանի համար դարձան ոչ միայն ակադեմիական հանդիպումների, այլև Հայաստանի ու Սփյուռքի միջև կրթական, մշակութային և հոգևոր ժառանգության շուրջ երկխոսության հարթակներ։ Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած հանդիպումները տարբեր թեմաներով էին, սակայն դրանցից յուրաքանչյուրում իր տեղն ուներ հայ ժողովրդի պատմությունը, ինքնությունը, կրթությունը և համայնքային կյանքը։
Հայ Ավետարանական եկեղեցու համար Հայկազյան համալսարանն առանձնահատուկ նշանակություն ունեցող կրթական հաստատություն է։ Բեյրութում գործող՝ Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Հայ Ավետարանական համայնքի կրթական առաքելության շրջանակում և տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ երիտասարդների կրթությանը, հայագիտական ուսումնասիրությունների զարգացմանը և Սփյուռքի մտավոր ու հոգևոր կյանքի պահպանմանն ու զարգացմանը։ Այս առաքելության շարունակականությունն ակնհայտ էր նաև Երևանում անցկացված հանդիպումների ընթացքում։
Գիտական օրերի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 11-ին՝ Հիմնարար գիտական գրադարանում, որտեղ տեղի ունեցավ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի 2025 թվականի 45-րդ հատորի շնորհանդեսը։ Հատորը բաղկացած է երկու գրքից և շուրջ 1000 էջում ամփոփում է հայագիտական մտքի նորագույն ձեռքբերումներն ու արդիական քննարկումները, անդրադառնում է նաև արհեստական բանականության դարաշրջանում հայագիտության դերին ու «կիրառական հայագիտության» անհրաժեշտությանը։
Հայ Ավետարանական եկեղեցու պատմության տեսանկյունից հատկապես կարևոր էր սեպտեմբերի 12-ի հանդիպումը։ «Վերապրում և վերածնունդ. ցեղասպանությունը վերապրածների շառավիղները՝ «հիշողության պահապաններ»» բանախոսությունների շարքի շրջանակում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, աստվածաբան վերապատվելի Փոլ Հայդոսթյանի հանդիպում-բանախոսությունը՝ «Հայ Ավետարանական. հետեղեռնյան կրթական վերականգնում» թեմայով։
Վերապատվելի Հայդոսթյանի զեկույցը Հայ Ավետարանական կրթական առաքելությունը ներկայացրեց ոչ միայն որպես դպրոցների ու կրթական հաստատությունների պատմություն, այլև որպես եկեղեցի–դպրոց–ընտանիք–համայնք փոխկապակցված համակարգ։ Հայ Ավետարանական եկեղեցու համար կրթությունն ի սկզբանե պարզապես գիտելիք փոխանցելու միջոց չի եղել։ Այն ընկալվել է որպես նոր սերունդ ձևավորելու, ընտանիքը քրիստոնեական հիմքերի վրա հաստատելու, հավատքն ամրապնդելու, անձնական պատասխանատվություն զարգացնելու և հայ ժողովրդի ապագային ծառայելու միջոց։
Այս կրթական տեսլականը դրսևորվել էր դեռևս Ցեղասպանությունից առաջ։ Վերապատվելի Հայդոսթյանը հատկապես անդրադարձավ կիրակնօրյա դպրոցների դերին, որոնք հաճախ մնում են Հայ Ավետարանական կրթական պատմության ավելի մեծ ու հայտնի դպրոցների ու քոլեջների ստվերում։ Մինչ հայաբնակ բազմաթիվ շրջաններում կանոնավոր դպրոցները դեռ նոր էին ձևավորվում և քիչ էին, Հայ Ավետարանական տեղական եկեղեցիների մեծ մասում արդեն գործում էին կիրակնօրյա դպրոցներ։ Դրանք միայն կրոնական ուսուցման վայրեր չէին։ Երեխաների համար դրանք ընթերցանության, գրագիտության, երգի, բարոյական դաստիարակության և համայնքային կյանքի առաջին դպրոցներն էին։
Զեկույցում ներկայացված տվյալներով՝ մոտավորապես 1870 թվականին, երբ շուրջ 75 Հայ Ավետարանական եկեղեցիներում հավատացյալների թիվը հասնում էր մոտ 13 600-ի, այդ եկեղեցիներում և դրանց շուրջ գործում էր շուրջ 128 կիրակնօրյա դպրոց՝ ընդհանուր առմամբ շուրջ 9000 աշակերտով։ Այս թվերը ցույց են տալիս, թե որքան վաղ և լայն էր Հայ Ավետարանական համայնքում ձևավորվել երեխաների կրթության ու դաստիարակության նկատմամբ ուշադրությունը։
Հայ Ավետարանական կրթական առաքելությունը սկսեց վերականգնվել նաև Ցեղասպանությունից հետո։ Տարագիր ու աշխարհասփյուռ ավետարանական համայնքները հաճախ եկեղեցի հիմնելուն զուգահեռ, իսկ երբեմն նույնիսկ դրանից առաջ, ձեռնամուխ էին լինում դպրոց ստեղծելուն։ Կրթական վերականգնումը հաճախ սկսվում էր ոչ թե այն ժամանակ, երբ արդեն կային բավարար միջոցներ, այլ այն պահին, երբ համայնքը տեսնում էր կրթության անհրաժեշտությունը։ Դպրոցը կարող էր սկզբում լինել եկեղեցու սրահում, վրաններում կամ ժամանակավոր կառույցում, բայց երեխաների կրթությունը չէր հետաձգվում մինչև պայմանների բարելավումը։
Վերապատվելի Հայդոսթյանը պատմեց դեպքեր, երբ Հայ Ավետարանական հովիվներն իրենց այցելությունների ընթացքում հանդիպել են դպրոց չհաճախող, աղքատ ընտանիքների երեխաների և հենց այդտեղից սկսել նոր դպրոցի ստեղծման նախաձեռնությունը։ Կրթությունը դիտվում էր ոչ միայն որպես գիտելիք ձեռք բերելու միջոց, այլև որպես մարդուն քրիստոնեական և ազգային արժեքներով ձևավորելու ճանապարհ։
Այս իմաստով առանձնահատուկ էր նաև Հայ Ավետարանական դպրոցի կապը եկեղեցու կյանքի հետ։ Ուսուցիչը պարզապես մասնագետ չէր․ նրանից ակնկալվում էր լինել հոգևոր և բարոյական համոզումներ ունեցող անձ և օրինակ ծառայել աշակերտների համար։ Դպրոցներում Աստվածաշնչի ուսուցումը ներառվում էր դասավանդման համակարգում, անցկացվում էին առավոտյան պաշտամունքներ, իսկ կրթության կարևոր նպատակներից մեկը համարվում էր մաքուր բնավորության և պատասխանատու մարդու ձևավորումը։
Հենց այս կրթական ավանդույթի շարունակությունն էր, որ հետագայում իր արտահայտությունը գտավ նաև Հայկազյան համալսարանի ստեղծման մեջ։ Հայկազյանը ձևավորվեց ոչ թե կրթությունը եկեղեցական առաքելությունից առանձնացնելու, այլ այն նոր մակարդակ տեղափոխելու տրամաբանությամբ՝ բարձրագույն կրթության, գիտության և մտավոր կյանքի միջոցով։
Սեպտեմբերի 14-ին այս պատմական ժառանգությունը հանդիպեց նաև ժամանակակից հայաշխարհի հարցերին։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Բեյրութի Հայկազյան համալսարանի համագործակցությամբ անցկացվեց «Փոխակերպվող հայաշխարհ․ գործընթացներ և իրողություններ» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը։ Սա երկու համալսարանների համատեղ նախաձեռնությամբ անցկացվող երրորդ գիտական միջոցառումն էր։
Աշխատաժողովը համախմբեց Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ ինքնության և մշակույթի, պետականության, Սփյուռքի և հայաշխարհի արդի փոխակերպումների հարցերը։ Այս թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն նաև Հայ Ավետարանական եկեղեցու համար, որի պատմությունն ու ներկայիս ծառայությունը սերտորեն կապված են Հայաստանի և Սփյուռքի հայկական համայնքների կրթական, հոգևոր և հասարակական կյանքի հետ։
Վերապատվելի Հայդոսթյանի զեկույցի վերջին շեշտադրումներից մեկն ուղղված էր ներկային։ Ավելի քան մեկ դար անց պայմանները փոխվել են։ Փոխվել են համայնքների խնդիրները, կրթության հնարավորությունները, լեզվական միջավայրը և սերունդների կարիքները։ Բայց հարցը, թե ինչպիսի մարդ է ցանկանում ձևավորել եկեղեցին և ինչ արժեքների վրա է ցանկանում կառուցել հաջորդ սերնդի կյանքը, շարունակում է մնալ արդիական։