Բ Մնացորդաց 35. 20-27 Ուրբաթ | Սեպտեմբեր 25
Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները ․․․ ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։ Բ Մն․ 35․26-27
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես ցանկացած վաղաժամ մահ, Ջոյի մահը ցնցեց բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա սկսել էր սխալ որոշումներ կայացնել։ Եվ այդպես նա հեռացավ ամուսնու, հոր ու եկեղեցու ծառայողների կյանքից, ովքեր նրա կարիքն ունեին։
Շատերն ակամա մտածում էին Ջոյի վերջին սխալների մասին։ Սակայն նրա դուստրը հուղարկավորության ժամանակ ունեցած իր ելույթում իրավացիորեն ընդգծեց, որ թեև իր հայրը, ինչպես բոլորս, կատարյալ չէր, նա սիրում էր Հիսուս Քրիստոսին և իր կյանքը նվիրել էր Նրան ծառայելուն։
Նման մի դեպք տեսնում ենք նաև Հուդայի թագավոր Հովսիայի պատմության մեջ։ Երբ Եգիպտոսի փարավոն Նեքավոն պատերազմական արշավի դուրս եկավ դեպի Բաբելոն, Հովսիան անմտածված կերպով «դուրս ելավ նրա դեմ» (Բ Մնաց. 35․20)։ Նեքավոն մտադիր չէր հարձակվել Հուդայի վրա (հ. 21), սակայն Հովսիան չլսեց Աստծո խոսքերը (հ. 22), և դա նրա համար մահացու հետևանք ունեցավ (հ. 23-24)։
Սակայն, թեև Հովսիան իր երկրային կյանքի ճանապարհն ավարտեց անմտածված քայլով, Երեմիա մարգարեն «ողբ ասաց Հովսիայի մասին» (հ․ 25)։ Սուրբ Գրքի հեղինակը նրա պատմությունն ավարտում է այս խոսքերով․ «Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները... գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում» (հ. 26-27)։ Բարեգործ՝ ի՜նչ գեղեցիկ տապանագիր աստվածավախ թագավորի համար։
Մեզ համար կարևոր է հիշել Պողոս առաքյալի խոսքերը․ «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռ. 8․1)։ Երբ խորհում ենք այն մասին, թե Երկնային Հայրը Քրիստոսի մեջ ինչպիսին է տեսնում մեզ, ավելի հեշտ է լինում հիշել նաև Նրա զավակների բարի ու առաքինի հատկությունները, ովքեր այլևս մեզ հետ չեն և գնացել են Նրա մոտ։
Մեր սիրելի մարդկանցից ո՞ւմ ենք կորցրել և ի՞նչ բարի ու գեղեցիկ հատկանիշներ ենք հիշում նրանց մասին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ՝ Քո զավակներին նայելու համար: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երգ Երգոց 6-8, Գաղատացիներին 4