.
2026թ., Սեպտեմբերի 27

Մատթեոս 18. 10-14                                                                        Կիրակի   |   Սեպտեմբեր 27

 

Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։  Մատթ․ 18․12

 

ԱՂՈԹԵ՛Ք ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ

 

«Սալի» ֆիլմը պատմում է Նյու Յորքում՝ Հուդզոն գետի վրա, շարքից դուրս եկած ուղևորատար ինքնաթիռի հերոսական վայրէջքի մասին։ Ափ դուրս գալուց հետո կապիտան Սալին ասաց անձնակազմի անդամներից մեկին. «Ես պետք է իմանամ՝ ովքեր են տուժել և որքանով։ Ինքնաթիռում հարյուր հիսունհինգ մարդ կար՝ ուղևորներ և անձնակազմ։ Ինձ հարկավոր է ճշգրիտ թիվ»։ «Լավ,- պատասխանեց աշխատակիցը,- իսկ դո՞ւք»։ Սալին ասաց. «Դրան կպատասխանեմ, երբ հաշվենք բոլոր հարյուր հիսունհինգին»։

Հիսուսի համար նույնպես կարևոր է ճշգրիտ թիվը։ Նա բարի Հովիվն է, Ով պատրաստ է թողնել իննսունինը ոչխարներին և գնալ մեկ մոլորված ոչխարին փնտրելու։ «Եվ եթե դրան գտնի ...  դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել» (Մատթ. 18․13)։ Սա չի նշանակում, որ մեկ ոչխարն ավելի կարևոր է, քան մյուսները։ Սակայն երբ կորածը գտնվում է, սրտում առանձնահատուկ ուրախություն ու թեթևություն է ծնվում։ Ինչպես Սալիի ուղևորներն էին ուրախանում գրեթե անխուսափելի մահից փրկվելու համար, այնպես էլ երկինքն է ցնծում, երբ թեկուզ մեկ մեղավոր ապաշխարում է։

Գիտե՞ք մարդկանց, ովքեր կարծես հեռու են Աստծուց և դժվար հասանելի են թվում։ Աղոթե՛ք նրանց համար։ Փորձե՛ք նրանց հետ խոսել Քրիստոսի մասին և ձեր վերաբերմունքով ցույց տալ Նրա սերը։ Մի՛ հուսահատվեք և մի՛ հանձնվեք, մինչև նրանք գտնեն իրենց տեղը Նրա հոտի մեջ։ 

Սալին դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին լսել իրեն․ «Ինձ անհրաժեշտ է հստակ թիվ։ Ասե՛ք ինձ այդ թիվը»։ Որոշ ժամանակ անց աշխատակիցներից մեկը մտավ հիվանդասենյակ, որտեղ Սալիին զննում էին, և ժպիտով հայտարարեց․ «Թիվը հայտնի է՝ հարյուր հիսունհինգ»։ 

 

Ինչպե՞ս կարող ենք կանոնավոր կերպով աղոթել Քրիստոսի կարիքն ունեցող մարդկանց համար։ Ինչպե՞ս կարող ենք նրանց ցույց տալ Քրիստոսի սերը։   

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ Քո «ոչխարներին» տեսնել այնպես, ինչպես Դու ես տեսնում նրանց։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 3-4, Գաղատացիներին 6