.
2026թ., Սեպտեմբերի 28

Եսայի 43․1-7, 14-28                                                                 Երկուշաբթի   |   Սեպտեմբեր 28

 

Ահա ես նոր բան եմ անում․․․ Ես․ 43․19 

 

ԱՍՏԾՈ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոնդուրասում՝ Չոլուտեկա գետի վրա կառուցված «Ծագող արևի կամուրջն» այնքան ամուր էր կառուցված, որ կարող էր դիմակայել ամենաուժեղ փոթորիկներին։ Կամրջի բացումից կարճ ժամանակ անց Հոնդուրասով անցավ ավերիչ «Միչ» փոթորիկը։ Բազմաթիվ կամուրջներ փլվեցին, բայց այս մեկը կանգուն մնաց։ Բայց և այնպես, աղետալի ջրհեղեղի պատճառով դեպի կամուրջ տանող ճանապարհները վերացան, իսկ գետի հունը փոխվեց։ Արդյունքում կամուրջն այլևս չէր ծառայում իր նպատակին։ Այն կանգնած էր չոր հողի վրա՝ ոչինչ չմիացնելով և ոչ մի օգուտ չտալով։

Իսրայելացիներին նույնպես կարող էր թվալ, թե կորցրել են իրենց կոչումն ու նպատակաուղվածությունը։ Նրանք Աստծո ընտրյալ ժողովուրդն էին, սակայն բաբելոնյան բանակը կատաղի հեղեղի պես ներխուժեց նրանց երկիր և գերության տարավ այնտեղ մնացած մարդկանց։ Իրականում այս «հեղեղի» պատճառը հենց իրենք՝ իսրայելացիներն էին։ Նրանք անտեսել էին Աստծուն, և դրա հետևանքով ծանր հարվածի ենթարկվեցին։ Սակայն Տերը մխիթարական խոսքեր ուղղեց Իր ժողովրդին․ «Մի՛ վախեցիր․․․ դու իմն ես» (Ես. 43․1)։ Թեև իսրայելացիները հեռացել էին Աստծուց, Նա չէր հեռացել նրանցից։ Նա շարունակում էր սիրել և խոստացավ վերականգնել նրանց (հ. 2-7)։ «Ահա ես նոր բան եմ անում», - ասաց Նա Եսայի մարգարեի միջոցով՝ հորդորելով գերության մեջ գտնվողներին դասեր քաղել իրենց անցյալից և կրկին իրենց կյանքը նվիրել Աստծո տված կոչմանն ու նպատակին (հ. 19)։

Ի դեպ, Հոնդուրասի այդ կամուրջը նորից իր նշանակությունը գտավ, այն միացվեց նոր շրջանցիկ ճանապարհին և կրկին սկսեց ծառայել իր նպատակին։ Նույն կերպ Աստված, Ով չի հիշում մեր մեղքերը (հ. 25), Իր ծրագրերն ունի նաև մեզնից յուրաքանչյուրի համար։ Ընդունելով ու խոստովանելով մեր սխալները՝ ձգտե՛նք այն նպատակին, որը Նա նախատեսել է մեզ համար։ 

 

Ինչպե՞ս է Աստված օգնել մեզ թողնել անցյալը և կենտրոնանալ Իր տված կոչման ու նպատակի վրա։ Ինչպե՞ս է Նա այսօր մխիթարում և քաջալերում մեզ։   

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո անփոփոխ հավատարմության համար։ Ես չեմ մոռանում իմ անցյալը, և ամուր բռնած Քո ձեռքը՝ վստահությամբ նայում եմ ապագային։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 5-6, Եփեսացիներին 1