Եբրայեցիներին 4. 14-16 Շաբաթ | Հոկտեմբեր 3
Որովհետև ․․․քահանայապետ ունենք…որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Եբր․ 4․15
ԿԱՐԵԿԻՑ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Աներս՝ Ջիմը, ռմբակոծիչ ինքնաթիռում հրաձիգ էր և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թռչում էր Եվրոպայի վրայով։ Մի օր Ջիմի ինքնաթիռը խոցվեց, և նրան գերեվարեցին։ Նա մի քանի ամիս անցկացրեց ռազմագերիների ճամբարում։ Ջիմը հազվադեպ էր խոսում այդ ամենի մասին, սակայն նրան պատերազմից առաջ ճանաչողները հիշում էին որպես անհոգ, պայծառ ժպիտով երիտասարդի։ Նրա ապրած ծանր փորձությունները Ջիմին դարձրել էին մռայլ ու ինքնամփոփ։
Փորձելով ավելի լավ հասկանալ նրան՝ կարդացի Դոնալդ Միլլերի «Օդի տիրակալները» գիրքը, որը պատմում է Եվրոպայի երկնքում տեղի ունեցած օդային պատերազմի մասին։ Այն օգնեց ինձ գիտակցել, թե ինչ մեծ գին էին վճարում այդ օդաչուները։ Կարդացածս ավելի խորացրեց աներոջս հանդեպ ունեցած կարեկցանքս։
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը խոսում է մեր մեծ Քահանայապետի՝ Տեր Հիսուսի մասին (Եբր. 4․14), Ով շատ ավելին է արել, քան պարզապես հասկանալ մեր դժվարությունները։ Նա ապրել է մեր մեջ և Իր անձնական փորձով գիտի, թե ինչ ենք զգում տարբեր իրավիճակներում։ «Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է» (հ. 15)։ Պարզապես պատկերացրե՛ք՝ մեր Տերն ու Թագավորը գիտի, թե ինչի միջով ենք անցնում։ Նա Իր երկրային կյանքում անցել է այնպիսի փորձությունների միջով, ինչպիսիք մենք ենք ապրում։
Քրիստոսի օրինակով կարեկցելը Նրա սերը ցույց տալու հրաշալի միջոց է նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ Թող Աստված մեզ տա հասկացող ու կարեկից սիրտ, որպեսզի ուրիշներին մոտենանք սիրով, գթասրտությամբ և խոր ըմբռնումով։
Ո՞ւմ նկատմամբ ենք դժվարանում կարեկցանք ցուցաբերել։ Ինչպե՞ս կարող ենք ավելի խորությամբ հասկանալ ուրիշների խնդիրներն ու դժվարությունները։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր երբեմն անտարբեր ու անգութ լինելուս համար։ Սովորեցրո՛ւ ինձ կարեկցել, որպեսզի մարդիկ իմ մեջ տեսնեն Քո սերը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 17-19, Եփեսացիներին 5. 17-33